Երկուշաբթի օրը Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, գրում է РБК-ն: Նավակը շրջվել է, նավակում գտնվող մարդիկ հայտնվել են դրա տակ:
Շուրջ երեք տասնյակ հայեր հավաքվել էին լճի ափին ուրախ առիթով՝ հավաքվածներից մեկի դուստրը ավարտել էր դպրոցը ոսկե մեդալով:
Կատարվածի մասին որոշ մանրամասներ է հայտնում Չեսմենսկի շրջանի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Վոսկրեբենցովան: Ըստ այդմ՝ նավակում մեկ կամ երկու տղամարդ էր, չորս կին և չորս երեխա, փրկվել են կանայք, երեխաները բոլորը մահացել են, ինչպես նաև մահացել են նավակի սեփականատերն ու օգնության հասած երկու տղամարդիկ:
Երեկ երեկոյան հաղորդվում էր 6 զոհվածների մասին, ավելի ուշ զոհվածների թիվը հասավ 7-ի:
«Նավակը պարզապես ծանրաբեռնված էր չափից ավելի», - ասել է Վոսկրեբենցովան և հավելել, որ լճում արգելվում է լողալ և զբոսնել մոտորանավակով: Բացի այդ, նախնական տվյալներով, տղամարդը, ով վարում էր նավակը, մինչ այդ ալկոհոլ էր ընդունել:
Քննչական կոմիտեն կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երրորդ մասով:
Զոհված երեխաներն են՝ 10 տարեկան աղջիկ, երկու 8 և մեկ 15 տարեկան տղաներ, նրանցից ոչ մեկը չուներ փրկարար բաճկոն, փաստում են Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում:
Զոհվածները տեղացի գործարարներ են, որոնք Ռուսաստան էին եկել մի քանի տարի առաջ, և նրանց երեխաները:
Չելյաբինսկի մարզի նահանգապետ Բորիս Դուբրովսկին երեկ երեկոյան հայտարարել է, որ զոհվածների ընտանիքները կստանան 100 հազար ռուբլի օգնություն: