Մատչելիության հղումներ

Հայաստանից միրգ արտահանողները դժգոհում են՝ անցակետում «մեզ թալանում են»


Այս տարվա ծիրանի առատ բերքի համար հայկական շուկան բավարար չէ, ասում են Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն ու հավելում՝ ծիրան արտահանելն ամեն մարդու բան չէ․ «Լարսում մեզ թալանում են, նագլի թալանում են ժողովրդին»:

Քաղցրաշենցի Վլադիմիրը նախկինում Երևանում էր վաճառում իր աճեցրած միրգը։ Այս տարի արդեն երկու անգամ իր փոքր բեռնատարով ապրանքը Ռուսաստան է տարել ու հիմա պնդում է, որ երկու անգամն էլ վնասով է հետ եկել: Հայկական ու ռուսական մաքսակետերում օրինական ոչ մեծ վճարներից բացի ստիպված են նաև կաշառք տալ։ «10 հազարից ավելի դրամ մուծում ես, բրոկերի փողն էլ տալիս ես, բրոկերը տամոժնիկի հետ կիսվում ա: Իսկ Ռուսաստանում էլ չեն ասում՝ էսքան մուծի, ասում են՝ էսքան տուր անցի»,- պատմում է Վլադիմիրը:

Ռուսաստան ծիրան արտահանող գյուղացիները թեև նշում են, թե հայկական կողմում աշխատանքն այս տարի անհամեմատ կանոնավորվել է, բայց և պնդում են, որ մաքսավորներն արդեն ոչ թե անձամբ, այլ «բրոկերների» միջոցով են կաշառք ստանում։ Մեծ ներդրումներ արած արտահանողը, մտավախություն ունենալով, որ սահման հասցրած ապրանքը կարող է փչանալ, մաքսակետում համաձայնում է ցանկացած պայմանի․ «Հայաստան 10700 դրամը պետական մուծում ես, ասում ա՝ դե մի 40-50 հազար էլ ինձ տուր՝ կեսը տամոժնիկին, կեսը ինձ»:

Ավելի մեծ գումարների մասին են խոսում Լարսի անցակետի պարագայում։ Հայ արտահանողները պատմում են, որ այնտեղ առնվազն 15 հազար ռուբլի՝ մոտ 120 հազար դրամ անօրինական գումար են տալիս սահմանն անցնելու համար։ Ծիրանի արտահանմամբ զբաղվող քաղցրաշենցի Վահագնը ասում է, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանի համար մինչև անցած տարի ավելի հեշտ էր արտահանումը։ Անցած տարվանից մաքսակետում իրենց համար անհասկանալի փաստաթղթեր են պահանջում ու դրա հիմքով անօրինական գումարներ գանձում։

Քաղցրաշենում այսօր նաև արտահանող ամենամեծ ընկերության՝ «Սպայկայի» ներկայացուցիչներն էին ծիրան ընդունում։ Ընկերության՝ Ռուսաստան մեկնող մեծ բեռնատարների վարորդներից մեկը հրաժարվեց հարցազրույցից, ասելով, թե նույն խնդիրների առջև նաև իրենք են կանգնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG