Մատչելիության հղումներ

Կարգադրիչին հարվածելու մեջ կասկածվող ակտիվիստը պնդում է՝ իրեն առնչվող գործը «շատ փնթի են սարքել»


Ակտիվիստ Փայլակ Թևանյանը, 3-ը հունիսի, 2017 թ․
Ակտիվիստ Փայլակ Թևանյանը, 3-ը հունիսի, 2017 թ․

Փաստաբանն ու իրավապաշտպանը համոզված են՝ Հայաստանում փորձ է արվում լռեցնել փաստաբաններին, «նրանց ենթարկեցնել իշխանության առաջարկած կանոններին»:

«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Փայլակ Թևանյանը կասկածվում է դատական կարգադրիչին ապտակելու մեջ: «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստից հետո Ավանի դատարանի կարգադրիչը ոստիկանությանը հայտնել է, թե իրեն դատարանի առջև հարվածել են: Իրավապահները բերման են ենթարկել 23-ամյա ակտիվիստին:

«Ես հանգիստ կանգնած էի, մեկ էլ առավոտյան ժամը 8-ին գալիս են տուն, տեղաշորից հանում տանում են բաժին, ասում են՝ դուք ոստիկան եք ծեծել, հետո էլ ասում են՝ չէ, դուք կարգադրիչին եք խփել»,- պատմեց Թևանյանը: Նա պնդում է, որ մատով անգամ չի դիպել կարգադրիչին և տարակուսած է՝ ինչպե՞ս կարող էին բակում ծառայություն իրականացնող բազմաթիվ ոստիկաններն անարձագանք թողնել ապտակը․ «Եթե ես մոտենամ ինչ-որ մեկին ապտակեմ, ո՞նց կարող է էդ պահն ընդհանրապես չֆիքսվի, կամ ո՞նց կարող եմ ես դրանից հետո սաղ-սալամաթ էստեղից գնամ տուն, էդքան ոստիկանները քոռ ե՞ն, էդ ամե ինչը շատ ծիծաղելի է, շատ փնթի են սարքել»:

Առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ արդյոք Թևանյանին մեղադրանք կառաջադրվի: Այժմ նա քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ է ազատ արձակվել: Արդեն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված կարգադրիչի հետ, որի ընթացքում «ոչ մի բացատրություն չի լսել»: Առերեսման ժամանակ ընդդիմադիր ակտիվիստը փորձել է նաև պարզել՝ այդ ինչպե՞ս են իմացել, որ հենց ինքն է ապտակել: «Միանգամից իմ լուսանկարն են նրան ցույց տվել, ոչ մի ուրիշ մարդու լուսանկար ցույց չեն տվել»,- ասաց երիտասարդը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի մեկ այլ երիտասարդ աջակից Վահագն Ղումաշյանն էլ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարության ժամանակ հեռացվեց դահլիճից: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընթերցեց կարգադրիչներից ստացած գրությունը․ «Անհարգալից վերաբերմունք են ցույց տվել դատարանի հանդեպ՝ հայհոյանքներ հնչեցնելով դատարանի հասցեին: Միաժամանակ խոչընդոտել են կարգադրիչների ծառայությանը, ուստի՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ, նրանց պատժելու համար»,- կարդաց դատավորը:

Ակտիվիստները կարծում են, որ ճնշումներ բանեցնելով՝ փորձ է արվում վախեցնել իրենց, որ էլ չգան նիստերին: Կամ էլ «սադրանքների միջոցով» ցանկանում են ի վերջո անցնել դռնփակ դատավարության: «Փորձում են ցուց տալ, որ այստեղ հավաքված մարդիկ ագրեսորներ են, գալիս են այստեղ՝ նիստերը տապալելու համար», «բայց մյուս կողմից էլ՝ եթե նիստերը փակ լինեն, բակում աղմուկ կլինի»,- ասում են ակտիվիստները:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, թե սա դատարաններում ընդդիմադիրներին անձանգրային տվյալներով ցուցակագրելու տրամաբանական շարունակությունն է․ «Հետապնդելը, տներ այցելելը, փողոցում ծեծելը, վախեցնելը, էդ ամեն ինչը շատ հատուկ է հայաստանյան ոստիկանությանը, և էդ ցուցակագրումը զուր չէր արվում: Ուղղակի ուզում են վախի մթնոլորտ ստեղծել»,- ասում է իրավապաշտպանը:

Ի դեպ, ոստիկանության ուշադրության կենտրոնում են նաև փաստաբանները, ովքեր բարձրաձայնել էին դատարանի բակում իրենց հանդեպ ուժ կիրառելու մասին: Մինչդեռ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է Փաստաբանների պալատ՝ պնդելով, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարգապահական խախտում է թույլ տվել՝ իրավապահ մարմնի հասցեին հնչեցնելով անհարգալից արտահայտություններ:

Շուշանյանը այսօր կրկնեց ասածը․ «Ոստիկանությունն իրավապահ մարմին չի, դա զինված հրոսակախումբ է: Կարող եմ փակագծերն ավելի բացել՝ ոստիկանությունը Հայաստանում հանդես է գալիս որպես ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի ձեռքին ամենահիմնական ռեպրեսիվ գործիքը, իսկ ոստիկանապետը հանդես է գալիս որպես էդ բանդայի պարագլուխ: Փորձ է արվում լռեցնել փաստաբաններին, նրանց ենթարկեցնել իրենց առաջարկած կանոններին»,- ասաց փաստաբանը:

Ժաննա Ալեքսանյանը հավելում է․ «Փաստաբանները դատարանի բակում լսում են սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության կողմից: Ի՞նչ կմտածի իրավաբանն այդ պահին, եթե իր կողքին կանգնած ոստիկանը խուլիգանի պահվածք է դրսևորում: Նրան չես կարող ընդունել, որպես օրենքի ներկայացուցիչ»: Փաստաբանների պալատն առայժմ չի արձագանքել ոստիկանապետի դիմումին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG