Մատչելիության հղումներ

Սարիգյուղում բերքից դժգոհ չեն, բայց իրացման խնդիր ունեն


Ջերմոցային պայմաններում աճեցված լոլիկ հայաստանյան տնտեսություններից մեկում, արխիվ
Ջերմոցային պայմաններում աճեցված լոլիկ հայաստանյան տնտեսություններից մեկում, արխիվ

Սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրենի խոսքով, մարդկանց հեռանալու հիմնական պատճառը ոչ թե կրակոցներն են, այլ «աշխատանքի բացակայությունը»:

Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում մասնագիտությամբ մանկավարժ Մարինե Մանուչարյանն արդեն 3 տարի է գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Գյուղի մի քանի ընտանիքներով միավորվել են և «Օքսֆամ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ջերմոցային տնտեսություն հիմնադրել, բանջարեղեն են աճեցնում։ «Եթե նոր մասնագիտություն ընտրեի, գյուղատնտես կլինեի: Ուղղակի փորձ չունեմ, գիտելիք չունեմ, գյուղում չեմ մեծացել: Կամաց սովորում եմ»,- ասում է Մարինե Մանուչարյանը:

2014 թվականին Տավուշի մարզի 16 գյուղերում հիմնված ջերմոցային տնտեսությունների շնորհիվ մոտ 120 մարդ ապահովվեց աշխատանքով: 3 տարի անց նրանք արձանագրում են՝ չնայած մեծ խնդիրներին, «ինչ-որ բան ստացվել է»։ Լուիզա Ռևազյանը Սարիգյուղի դպրոցի տնօրենն է, նաև գյուղատնտեսական միավորման նախագահը։ Համոզված է, որ իրենց աշխատանքի արդյունքում սահմանամերձ գյուղից արտագաղթողների թիվը փոքր-ինչ կրճատել են։ «Մարդկանց հեռանալու հիմնական պատճառը ոչ թե կրակոցներն են, այլ աշխատանքի բացակայությունը»,- ասում է Լուիզա Ռևազյանը:

Սարիգյուղում բերքից դժգոհ չեն։ Տարեկան 2-3 տոննա բանջարեղեն են հավաքում, բայց իրացման դժվարություններ ունեն: Գյուղում ամբողջ քանակությունը չես վաճառի, Իջևանի շուկա տանելու դեպքում էլ ապրանքը վերավաճառողներին է հասնում՝ շատ ցածր գներով։ «Վաճառելու պրոբլեմը մի քիչ լուրջ ա, ես կուզենայի ես քաղեմ, գան իմ բակից վերցնեն տանեն, չընկնեի էս կողմ էն կողմ»,- ասում է տնտեսության ներկայացուցիչներից մեկը:

Ժամանակակից կաթիլային եղանակով կառուցված ոռոգման համակարգ ունեցող ջերմոցի աշխատողները խոսում են նաև ջրի պակասության մասին։ Չնայած առատ անձրևները մի քիչ անձրևաջուր հավաքելու հնարավորություն են տվել, բայց միևնույնն է՝ «Սարիգյուղը խիստ պրոբլեմ ունի ջրի, առավել ևս՝ մենք»։

Իսկ հարևան Գոշ գյուղում ջերմոցային տնտեսության աշխատողները հավաստիացնում են՝ իրենց բիբարի ու լոլիկի մասին անգամ գյուղ եկող զբոսաշրջիկները գիտեն․ «Պոմիդոր, բիբար, ծիծակ, տես ինչ բիբարներ ունենք։ Վաճառում ենք համարյա տեղում, դուրս չենք տանում, տուրիստները վերցնում են մեծ սիրով»:

Նորաստեղծ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչները երեկ հավաքվել էին Գոշ գյուղում՝ մասնակցելու բերքի փառատոնին։ Բերել էին իրենց բերքուբարիքն ու միմյանց պատմում էին գյուղատնտեսության դժվարությունների մասին։ Ամենամեծ խնդիրներից մեկը, նրանց խոսքով, գյուղտեխնիկայի բացակայությունն է։ «Ձեռքի աշխատանքը շատ է, գյուղտեխնիկան՝ գյուղից հեռու»,- ասում է Գետահովիտի գյուղատնտեսական միավորման ներկայացուցիչ Սեդա Ճաղարյանն ու հավելում․ «Երկու տարի ա՝ Մասիսի Ազատաշեն գյուղից 15 հազար դրամ տալիս ենք «Գազելի» վարորդին, 15 հազար դրամ էլ՝ տրակտորի վարորդին»:

Բարեգործական այս ծրագրի ավարտին Տավուշի մարզի 16 գյուղերի ջերմոցային տնտեսություններից 4-ը «Օքսֆամ»-ից, որպես մրցանակ, ունիվերսալ գյուղտեխնիկա ստացան։ Գյուղացիները վստահեցրին՝ դա իրենց կօգնի, որ ավելի շատ վարուցանք անեն ու բերք ստանան: «Օքսֆամ»-ը Եվրամիության ֆինանսավորմամբ նմանատիպ 5 ջերմոցային տնտեսություն է հիմնել նաև Վայոց ձորի համայնքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG