Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող երեխային կոպտած վարորդը խիստ նկատողություն է ստացել


Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երկու օր առաջ սոցիալական ցանցերում աղմուկ հանած պատմությանը՝ ասաց, որ հաշմանդամություն ունեցող երեխայի երթուղային նստելու իրավունքը կոպտորեն խախտած վարորդը գրավոր խիստ նկատողություն է ստացել:

Միջադեպի մասին հայտնի է դարձել Հասմիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից: Ըստ գրառման՝ երկու օր առաջ նրա դուստրը հաշմանդամություն ունեցող թոռնիկի հետ սայլակով փորձել է նստել 12 համարի երթուղին սպասարկող կիսադատարկ մեքենան, սակայն վարորդը արգելել է՝ բղավելով․ - «Կարո՞ղ ա էս ձեր համար բեռնատար ա»:

Քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե իրենք հնարավորություն չունեն վերահսկել բոլոր երթուղային մեքենաները, սակայն հավաստիացրեց, որ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերած վարորդներին բացահայտելու դեպքում ենթարկում են պատասխանատվության․ - «Մեկ անգամ ևս կրկնվելու դեպքում անմիջապես տվյալ վարորդը կհեռացվի աշխատանքից»:

Տեղի ունեցածը հարուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի վրդովմունքը, ով նամակ է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդծելով, որ տրանսպորտի վիճակի պատասխանատուն քաղաքապետն է, ուստի հարկավոր էր գտնել վարորդին և պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու թոռնիկից:

Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ հաշմանդամություն ունեցող կամ տարեց, դժվար տեղաշարժվող մարդն արժանանում է այսպիսի վերաբերմունքի: Շատ դեպքերում մարդիկ ստիպված են լինում պարզապես կուլ տալ վիրավորանքը:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, ով 30 տարի սայլակով է տեղաշարժվում, հիշեց տրասնպորտից օգտվելու իր տխուր փորձը․ - «Տասը տարի առաջ կամ տասնհինգ տարի առաջ, երբ որ տաքսիստները հրաժարվել են վերցնել՝ տեսնելով, որ սայլակով եմ: Կամ կրկնակի գին էին նշանակում, ինչը ևս վիրավորական է»:

«Ազատության» հետ զրույցում բազմաթիվ խնդիրներ ներկայացրեց նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ երկար տարիներ հաշմանդության խնդիրներով մարդկանց հարցերով զբաղվող Զարուհի Բաթոյանը: Օրինակ, թե ինչպես է վարորդը վարել մեքենան՝ չսպասելով, որ առողջական խնդիրներ ունեցող մարդը տեղավորվի երթուղայինում: Կամ տեսնելով, որ կանգառում հաշմանդամության խնդիր ունեցող մարդ է սպասում, վարորդը պարզապես չի կանգնել:

Խնդիրը, ըստ Ալավերդյանի ու Բաթոյանի, խորը արմատներ ունի: Նրանց խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ ստիպված են դիմում տաքսիի կամ երթուղայինի ծառայությանը, քանի որ քաղաքապետարանի կողմից ներկրված հատուկ ավտոբուսները հասանելի չեն:

Քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ այսօր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար 25 ավտոբուս է գործում: Այդուհանդերձ և՛ Բաթոյանը, և՛ Ալավերդայնը պնդեցին, որ նախ՝ քանակը բավարար չէ, ապա՝ դրանց մի մասը չի գործում: Եվ ամենակարևորը՝ մարդիկ պարզապես չգիտեն որտեղ և երբ սպասել այդ ավտոբուսներին:

«Այո, 25 ավտոբուսների վրա տեղադրվել է, բայց թե քանիսն են աշխատում, դեռ հարց է: Որովհետև ես նաև տեղեկություններ ունեմ, որ այդ ավտոբուսների վերելակների սպասարկումը չի իրականացվում, տեխնիկական սպասարկման համար չի տրամադրվում բյուջե», - նշեց Զարուհի Բաթոյանը:

Նա հարցում է ուղղել քաղաքապետարան՝ պարզելու, թե ավտոբուսներից քանիսն են սարքին, և կա՞ արդյոք չվացուցակ, որից կարող է օգտվել պոտենցիալ ուղևորը: Պատասխան դեռ չի ստացել:

Հատուկ հարմարեցված ավտոբուսների արդյունավետությունը փորձեցինք պարզել հենց տեղում: Դժվարությամբ, վարորդներից հարցուփորձ անելով տեղեկացանք, որ 22 համարի հատուկ հարմարեցված ավտոբուսներից մեկը անցնում է Աբովյան փողոցով: Սակայն կանգառում չկար այդ մասին տեղեկացնող որևէ նշան:

Ավելի քան կես ժամ սպասելուց հետո, ժամանեց 22 համարի ավտոբուսը: Ուրախանալու առիթ, սակայն, չունեցանք․ այն հարմարեցված չէր: Վարորդից տեղեկացանք, որ ընդամենը մեկ այդպիսի մեքենա է աշխատում այս գծի վրա:

4-րդ հավաքակայանում ավտոբուսի վարորդները «Ազատությանը» պատմեցին, որ հարմարեցված սայլակները օգտագործելու առիթ, լավագույն դեպքում, տարին մեկ անգամ է լինում:

Քաղաքապետարանը խոստանում է այս և հանրային տրասպորտին առնչվող խնդիրներին վերջնական լուծում տալ ամիսների ընթացքում: Մինչդեռ հավաքակայանում մեր զրուցակից վարորդներն արդեն տեսախցիկն անջատելուց հետո թերահավատորեն ասացին՝ քսան տարի է խոստումներ ենք լսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG