Մատչելիության հղումներ

Առանց ԼՂ-ի մասնակցության, որևէ պայմանագիր չի ստորագրվի․ Արտգործնախարար


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյանն այսօր Ագգային Ժողովում մասնակցում էր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:

Հնարավոր է, որ հուլիսին տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այսօր խորհրդարանում, պատասխանելով «Ազատության» հարցին, այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարն Ագգային Ժողովում մասնակցում էր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:

Հիշեցնելով, որ իշխող Հանրապետականի իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, «Ծառուկյան» խմբակցությունից Արարտ Զուրաբյանն արտգործնախարարին հարց ուղղեց՝ արդյո՞ք ջանքեր գործադրվում են՝ Ղարաբաղը դարձյալ բանակցային կողմ դարձնելու համար:

Էդվարդ նալբանդյանը պատասխանեց՝ բանակցվող բոլոր փաստաթղթերում նշված է, որ չի կարող լինել վերջնական համաձայնություն առանց Ղարաբաղի մասնակցության։ «Ողջ պատասխանատվությամբ եմ ասում՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք պահվում են Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում, ինչ որ առաջարկվել է եռանախագահների կողմից և ինչ որ բանակցվել ու տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղության բուն պայմանագրի մշակմանը և բանակցություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի և եռանախագահող երկրների միջնորդությամբ:

Սա հստակ ֆիքսված է, առանց դրա որևէ պայմանագիր չի կնքվի, անհնար է առանց Ղարաբաղի որևէ համաձայնության գալ»,- ասաց Նալբանդյանը, հավելելով, որ Վիեննայում պահվող՝ դեռևս գաղտնի համարվող այդ փաստաթղթերը մի օր կհրապարակվեն:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքեց Հանրապետականի վերաբերյալ Արարատ Զուրաբյանի ակնարկին: «ՀՀԿ-ն ուղղակի պատասխանատու է բանակցությունների համար 2008 թվականից: Կարծում եմ՝ որպես հարցի գիտակ, մենք իրար շատ լավ հասկացանք»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հետևյալ հարցն ուղղեց արտգործնախարարին՝ հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո որքանո՞վ են արդյունավետ աշխատել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում Հայաստանի շուրջ 6 տասնյակ ներկայացուցչությունները: Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց՝ դեսպանություններն ու Հայաստանի ներկայացուցիչներն արդյունավետ են գործում:

«Ապրիլյան դեպքերից հետո ինչ եղել է, դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել: Որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ այն որոշումները, որոնք ընդունվեցին, դրանք լրիվ համահունչ էին Հայաստանի Հանրապետության նախագահի ասածին մինչ այդ որոշումների ընդունումը, կարծում եք դա օդի՞ց է լինում: Ոչ, դա համապատասխան աշխատանքի արդյունք է»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում կայացած գագաթնաժողովին համաձայնություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Քիչ ավելի ուշ այդ համաձայնությունները վերահաստատվել էին նաև Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովին: Այդուհանդերձ, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվել են, ինչի համար հայկական կողմը բազմիցս մեղադրել է Բաքվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG