Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ E5P հիմնադրամը 2 մլն եվրո է տրամադրում Հայաստանում նոր աղբավայրի կառուցմանը


ՎԶԵԲ լոգոն

Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայրի կառուցումը՝ տրամադրելով 2 միլիոն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ), որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը, և Հայաստանի ֆինանսների նախարարությունը այսօր ստորագրել են համապատասխան համաձայնագիրը:

ՎԶԵԲ հաղորդագրության համաձայն՝ դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ:

Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014 թվականի դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3․5 միլիոն եվրո գումարի չափով վարկ էր հատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3․5 միլիոն եվրո դրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8 համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում:

Ծրագիրն ընդլայնվել է 2016-ին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 միլիոն եվրո գումարի չափով: Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ:

Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը:

E5P-ի կողմից տրամադրվող 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող 2 միլիոն եվրոյի վարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը և այլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն եվրո:

E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի ներդրող:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը նշել է. - «Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և տեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևոր ներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքան անհրաժեշտ բարելավումների»:

ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը հավելել է. - «Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալի առավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի է՛լ ավելի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է. - «Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է: Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարման ոլորտում: Առ այսօր մենք 22․4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում է Կոտայքում, Երևանում և Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսի գործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»:

Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 միլիարդ եվրո 158 ծրագրում, ընդ որում՝ այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG