Մատչելիության հղումներ

Փաստաբաններին չի կարելի նվաստացնել. Փաստաբանների պալատի նախագահ


Արա Զոհրաբյան, 30-ը հունիսի, 2017թ.
Արա Զոհրաբյան, 30-ը հունիսի, 2017թ.

Փաստաբաններին չի կարելի նվաստացնել, այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր փաստաբանները կրկին դժգոհեցին, որ մուտքի մոտ կարգադրիչները նվաստացուցիչ կերպով զննության են ենթարկում իրենց։

«Փաստաբանը դա գործով պաշտպանն է և իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պետք է գործի անկաշկանդ։ Խնդիրը կայանում է նրանում, որ փաստաբաններին չի կարելի նվաստացնել։ Պատկերացրեք, երբ որ գալիս է փաստաբանը և պայուսակը բացում է՝ սա հանեք, նա հանեք գրպանից, դա իհարկե կարող է առաջացնել հոգեբանական ճնշվածություն, որը կարծում եմ, որ անթույլատրելի է։ Դրա համար մենք հայտարարություն տարածեցինք, որ կարելի է զննություն կատարել, որովհետև ի վերջո Դատական օրենսգրքի 214 հոդվածը հստակ դրա հնարավորությունը տալիս է, բայց չի կարելի խուզարկել, և ամենակարևորը` կատարելիս չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել», - ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ հարցի կարգավորման համար գրությունով կդիմեն դատական համակարգին։

«Կարծում եմ, որ այսօրվա տեղի ունեցող միջադեպի պատճառներից մեկն էլ դա նաև այն էր, որ այստեղ չկար համապատասխան հագեցված սարք, որի միջով անցնելիս, օրինակ, դու էլ չես զգա, որ քեզ այդ պահին զննեցին։ Կարծում եմ, որ կարևոր է այդ հարցը կարգավորելը, հենց այսօր էլ Փաստաբանների պալատը պաշտոնապես նամակով կդիմի դատական համակարգին և կխնդրենք ապահովել այդ սարքը, որպեսզի մեր փաստաբանները նման ճանապարհով չանցնեն», - ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, օրեր առաջ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը թույլ չտվեցին կարգադրիչներին ստուգել իրենց պայուսակների պարունակությունը՝ դա որակելով խուզարկություն, կարգադրիչներն էլ հայտարարեցին, որ առանց պայուսակների պարունակությունը ստուգելու, փաստաբանները չեն կարող անցնել դատական նիստերի դահլիճ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը պայուսակի պարունակությունը ձեռքին՝ թղթապանակներով էր եկել, բայց կարգադրիչները հիմա էլ պահանջեցին ցույց տալ, թե ինչ կա գրպանի դրամապանակի մեջ: «Քանի որ ոչինչ չունեին զննելու, արդեն մեր դրամապանակներն էին ցանկանում զննել: Դրանից ավելի ստորացուցիչ բան փաստաբանին չէին կարող առաջարկել», - ասել էր Պապիկյանը։

Այդ օրը դատավորը հիմք ընդունելով կարգադրիչներից ստացած գրությունը սանկցիա կիրառեց պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG