Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը կմնա ճաղերի հետևում. Վերաքննիչը մերժեց բողոքը


Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը կմնա ճաղերի հետևում. Վերաքննիչ դատարանը մոտ երկու ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում, մերժեց ընդդիմադիր ակտիվիստի` տոնածառի գործով բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի երկու տարվա ազատազրկման վճիռը:

Ամանորի գիշերը ոստիկանին հարվածելու մեղադրանքով Գևորգ Սաֆարյանն արդեն 1,5 տարի է` անազատության մեջ: Ակտիվիստը դատավորի վճռից չզարմացավ, վճռի հրապարակումից հետո բացականչեց` «մեր երկրի համար դա օրինաչափ է»:

Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մինչդեռ, լիահույս էր, որ Վերաքննիչ ատյանը բեկանելու է բազմաթիվ ընդդիմադիրների դատած Մնացական Մարտիրոսյանի վճիռն ու Գևորգ Սաֆարյանը հենց դահլիճից ազատ է արձակվելու:

«Ակնհայտ անարդար դատական ակտ է», - վճռի հրապարակումից հետո հայտարարեց փաստաբանը:

Փաստաբանը հիշեցրեց` որպես ապացույց բացառապես ոստիկանների ցուցմունքներն են, այն էլ` հակասական: Ընդ որում, իրավապահները վկայել են իրենց վերադասի` «Հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի օգտին: Հենց նա է պնդում, որ Գևորգ Սաֆարյանը հարվածել է իրեն:

Գևորգ Սաֆարյանը մինչև որոշման հրապարակումը բողոքը ներկայացնելիս կրկնեց` սուտ է, դատավճռում արձանագրվածը, թե Գեղամ Խաչատրյանի դեմքը վնասվել է իր հարվածից:

«Մենք դատարանում ներկայացրեցինք տեսագրություն. Գեղամ Խաչատրյանի դեմքը նկարահանված է մոտավորապես մեկ մետր հեռավորությունից, նրա աչքը ուռած չէ, այտուցված չէ, կարմրած չէ, այտուցված չէ», - նշեց ակտիվիստը:

Մեղադրող դատախազը, ամբողջովին անհիմն որակելով հայցը, բացատրեց, թե նկարահանումը իրականացվել է գիշերային ժամանակ, իսկ Գեղամ Խաչատրյանի գլխին եղել է ձմեռային գլխարկ` մինչև հոնքերը իջեցված. - «Այդ պայմաններում միանշանակ ասել, որ նրա հոնքի շրջանում վնասվածք չի եղել, ինչպես նշում է պաշտպանական կողմը, հիմնավոր չէ»:

Գևորգ Սաֆարյանն ու Նոր տարին Ազատության հրապարակում դիմավորած ընդդիմադիր մի քանի այլ ակտիվիստներ իրենք էին հանցագործության մասին հաղորդում տվել, թե ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից, սակայն քրեական գործը կարճվեց: Ամանորի գիշերը իրավապահների գործադրած բռնությունների մասին ահազանգել էին նաև այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանը և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Վերաքննիչ դատարանի որոշումը Սաֆարյանը բողոքարկելու է վերջին` վճռաբեկ ատյանում: Մինչ այդ, նա որպես մեղադրյալ անցնում է նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով: Այս դատավարությունից Սաֆարյանը երեք ժամով հեռացված է: Նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց, երբ տեղից խոսելով փորձեց պարզել, թե ինչու մեղադրող կողմին հայտարարություններ անել թույլատրվում է, իրենց` ոչ: Այս գործով դատավարությունը շարունակվելու է վաղը և հայտնի չէ` արդյո՞ք Գևորգ Սաֆարյանին կբերեն դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG