Մատչելիության հղումներ

Կրեմլը համոզված է, որ ԱՄՆ-ը դավեր է նյութում Ռուսաստանի դեմ․ Պենտագոնի հետախուզության զեկույց


Պենտագոնի հետախուզության տնօրեն Վինսենթ Սթյուարթ, արխիվ

Պենտագոնի համար հետզհետե ավելի հրատապ է դառնում Ռուսաստանի թեման:

Պենտագոնի հետախուզական գործակալությունը պատրաստել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանը խորը անվստահություն ունի Ամերիկայի նկատմամբ և համոզված է, որ Վաշինգտոնը Կրեմլի դեմ դավեր է նյութում՝ ցանկանալով փոխել ռեժիմը:

Դա, ըստ զեկույցի, է՛լ ավելի է սրում երկու երկրների հարաբերությունները: Մոսկվայում համոզված են, որ աշխարհում դեմոկրատիայի զարգացմանն ուղղված Վաշինգտոնի ծրագրի բուն նպատակն է հաստատել մեկ արժեհամակարգ, որը կտա Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու և այդպիսով երկրի իշխանության հիմքը խարխլելու հնարավորություն:

Կրեմլում ենթադրում են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում ծրագրում է իշխանափոխություն, դրա ապացույցը Ուկրաինայում 2014 թվականի փետրվարին ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի տապալումն էր:

Ի պատասխան դրան, Կրեմլը 2014 թվականի մարտին բռնակցել է Ղրիմը և սկսել է սատարել Դոնբասի ռուս անջատականներին: Արևելյան Ուկրաինայում այդ տարվա ապրիլին սկսված պատերազմում այսօրվա դրությամբ զոհվել է ավելի քան 10 հազար մարդ:

Այդ ամենի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ճգնաժամ է առաջացել: Ամերիկան և ՆԱՏՕ-ի մնացած երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Զեկույցում չկա կանխատեսում առ այն, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կսկսվի նոր «սառը պատերազմ», բայց վերլուծաբանները նշել են, որ «Մոսկվան պատրաստ է զենքի դիմել՝ կայունությունն իր պայմաններով ապահովելու համար»:

116-էջանոց զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը հետևողականորեն և հաջողությամբ արդիականացնում է բանակը, նավատորմը և օդուժը: Այսօր Ռուսաստանն ունի զինված ուժեր, որոնք շատ արագ պատրաստ կլինեն վարել արդիական լայնածավալ պատերազմ:

«Միայն արդիական, հզոր և շարժունակ բանակը կարող է երաշխավորել մեր երկրի և մեր դաշնակիցների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պաշտպանել նրանցից, ովքեր ատում են հզոր, անկախ և ինքնիշխան Ռուսաստանը», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հունիսի 25-ին Կրեմլում ընդունելով զինվորական ուսումնարանների շրջանավարտներին:

Զեկույցում ասվում է, որ Սիրիայում Ռուսաստանն իր միջամտությամբ ամբողջությամբ փոխել է այդ հակամարտության ընթացքը, ամրացրել է Բաշար Ասադի դիրքերը և երաշխավորել, որ կարգավորումն առանց Կրեմլի հնարավոր չի լինի:

«Շարունակելով բանակի արդիականացումը՝ առաջիկա տասնամյակում Ռուսաստանը կդառնա է՛լ ավելի վստահ և հզոր», - զեկույցի նախաբանում գրել է Պենտագոնի հետախուզական գործակալության տնօրեն, ծովային հետևակի գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարթը:

Ուշագրավ է, որ այդ զեկույցը կազմվել է Դոնալդ Թրամփի ընտրությունից առաջ և արտացոլում է համաշխարհային զարգացումների ընկալման խնդրում Պենտագոնի լուրջ տեղաշարժը:

Երկու տասնամյակ շարունակ Ամերիկայի զինված ուժերի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն էր և Իրաքի ու Աֆղանստանի փոքրածավալ պատերազմները:

Իսկ հիմա Պենտագոնի համար ավելի հրատապ է դառնում Ռուսաստանի թեման, և դա է՛լ ավելի կսրի Կոնգրեսում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը մշակելու շուրջ ընթացող թեժ վեճերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG