Մատչելիության հղումներ

Ատենակալները մեղավոր ճանաչեցին Նեմցովի սպանության գործով բոլոր ամբաստանյալներին


Զինվորական դատարանը քննում է Նեմցովի սպանության գործը, Մոսկվա, 27-ը հունիսի, 2017թ.
Զինվորական դատարանը քննում է Նեմցովի սպանության գործը, Մոսկվա, 27-ը հունիսի, 2017թ.

Բորիս Նեմցովի սպանության գործը քննող Մոսկվայի շրջանի զինվորական դատարանի ատենակալները մեղավոր ճանաչեցին հինգ քաղաքացիների: Բուն սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող վեցերորդ քաղաքացին գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Զինվորական դատարանի երդվյալ ատենակալները երեք օր քննարկել են մեղադրանքը և քվեարկությամբ որոշում են ընդունել: Ատենակալների վճիռը հրապարակել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:

«Արդյո՞ք հաստավել է, որ Զաուր Դադաևը Անզոր և Շադիդ Գուբաշևների, Տամերլան Էսկերխանովի և Խամզատ Բախաևի հետ հանցավոր համաձայնությամբ մոտավորապես 2014 թվականի մարտին ընդունել են այժմ հետախուզման մեջ գտնվող անձի կամ այլ անձերի՝ 15 միլիոն ռուբլու դիմաց Բորիս Նեմցովին սպանելու առաջարկը, արդյո՞ք հաստատվել է, որ նրանք ստեղծել են խումբ, որտեղ բոլորն ունեցել են հստակ առաջադրանքներ և հետևել են մեկ ծրագրի: Այո, հաստատվել է»,- հայտարարել է Յուրի Ժիտնիկովը:

Ատենակալները հանգել են այն եզրակացության, որ Դադաևը ներողամտության արժանի չէ: Նրան մեղավոր ճանաչելու օգտին քվեարկել է 12 ատենակալներից 10-ը, նրա հանդեպ ներողամտություն դրսևորելու օգտին քվեարկել է 12 ատենալաներից 4-ը:

Ատենակալները մեղավոր են ճանաչել նաև մնացած ամբաստանյալներին: Այս դատավարությունը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերին: Դատական վճռում ասվում է, որ Դադաևը և մնացած հանցակիցները հետևել են Նեմցովին, տեղեկություններ են հավաքել նրա բնակության վայրի, այցելությունների, սովորությունների մասին, ընտրել են համապատասխան զենք ու զինամթերք, տրանսպորտի և կապի միջոցներ:

Դադաևը Անզոր Գուբաշևի և Բեսլան Շավանովի հետ 2015 թվականի փետրվարի 27-ին երեկոյան «Զապորոժեց» մակնիշի մեքենայով հասել են Մալայա Օրդինկա փողոց, որտեղ գտնվում է Նեմցովի բնակարանը, այնտեղից հետևել են Նեմցովին մինչև այն հանրախանութը, որտեղ Նեմցովը պետք է հանդիպեր իր ծանոթ Աննա Դուրիցկայային:

Հանցագործները շարունակել են նրանց հետևել մինչև Կարմիր հրապարակից դեպի Բոլշոյ Մոսկվորեցկի կամուրջը տանող ճանապարհը, որտեղ էլ ստանալով նախապես համաձայնեցված ազդանշանը, Դադաևը մոտավորապես երեկոյան 23:30-ին առնվազն վեց գնդակ է արձակել Նեմցովի վրա: Նեմցովը տեղում մահացել է: Իսկ հանցագործները «Զապորոժեց» մեքենայով անմիջապես հեռացել են:

Բեսլան Շավաևը հետագայում՝ 2015 թվականի մարտի 6-ին սպանվել է Գրոզնիում, որտեղ ոստիկանները փորձել են նրան ձերբակալել: Զաուր Դադաևը, Անզոր և Շադիդ Գուբաշևները, Տամերլան Էկերխանովը և Շամզատ Բախաևը համարվում են սպանության անմիջական կատարողները: Նրանք կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման:

Սպանության պատվիրատուն և կազմակերպիչը համարվող «Սևեր» գումարտակի նախկին սպա Ռուսլան Մուխուդինովին մեղադրանքը 2015 թվականի նոյեմբերին հեռակա կարգով է ներկայացվել, այդ անձը փախուստի է դիմել և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Պետական մեղադրողն այսօր հայտարարել է, որ բավարարված է ատենակալների վճռով: Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովն ասել է, որ այսօրվա վճռից հետո քննիչները պարտավոր են որոնել հանցագործության պատվիրատուներին: Քննչական կոմիտեն հայտնել է, որ ենթադրյալ պատվիրատուի կամ պատվիրատուների որոնումը շարունակվում է: Մուխուդինովի վերաբերյալ քննությունը շարունակվում է գործից առանձնացված մասով: Մեղադրյալների փաստաբանները պնդում են, որ կան ընթացակարգային խախտումներ, ինչը նրանց տալիս է վճիռը բողոքարկելու իրավունք:

Դատախազը հուլիսի 4-ին մեղավորների համար համապատասխան պատժաչափ կպահանջի: Դրանից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ, որտեղ պետք է ընդունի իր որոշումը: Դատավորը նախապես պետք է տեղեկացնի, թե երբ է հրապարակելու դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG