Մատչելիության հղումներ

Ստալինի հուշատախտակի տեղադրումից հետո մի շարք դասախոսներ լքել են ՌԴ իրավաբանական ակադեմիան


Վերջին տարիներին Ռուսաստանում նկատելիորեն աճել է Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցողների թիվը:

Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի իրավաբանական ակադեմիայի միջանցքում հայտնվել է Իոսիֆ Ստալինին նվիրված մի հուշատախտակ, որի վրա գրված է՝ «1924 թվականին այս դահլիճում ելույթ է ունեցել Իոսիֆ Ստալինը»։ Հուշատախտակի տեղադրումը թերևս աննկատ կմնար լրատվամիջոցների համար, եթե այդ մասին չբարձրաձայներ հայտնի փաստաբան Գենրի Ռեզնիկը։

Վերջինս հայտարարել է, թե հրաժարվում է դասավանդել ակադեմիայում և կասեցնելու է համագործակցությունն այդ հաստատության հետ: «Իմ դասախոսներից շատերն անցել են Գուլագով, ակադեմիայի ղեկավարությունն ինձ խաբել է, ասելով, թե հուշատախտակը հայտնվել է դեռ 60-ականներին կայացված որոշմամբ։ Այդ ժամանակ ամենուրեք հեռացնում էին Ստալինի հետ կապված ամեն ինչ՝ Խրուշչովի կարգադրությամբ»,- գրել է փաստաբանը։

Նրա օրինակին են հետևել Տնտեսության բարձրագույն դպրոցի իրավաբան-դասախոսներն ու կասեցրել համագործակցությունը նշված ակադեմիայի հետ։ Այդ մասին ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Բլաժևին հասցեագրած բաց նամակում գրել է Տնտեսության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Իլյա Շաբլինսկին։

Նամակում նա, մասնավորապես, նշել է, թե ամբիոնի աշխատակցիները մտադիր չեն գնահատական տալ կատարվածին, սակայն նրանցից ոչ մեկն այլևս ակադեմիայում հանդես չի գա դասախոսությամբ։ «Տեղադրել են մի մարդու հուշատախտակ, ով երկրում ոչնչացրել է իրավունքն ու միլիոնավոր մարդկանց»,- նաև գրել է Շաբլինսկին իր նամակում։

Վերջերս «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիներն Իոսիֆ Ստալինին համարում են բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաականավոր անձը: Հարցվածների շրջանում խորհրդային բռնապետի վարկանիշը գերազանցել է անգամ ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի և Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի վարկանիշները:

Վերջին տարիներին Ռուսաստանում նկատելիորեն աճել է Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցողների թիվը: Մի շարք գործոնների շարքում, դրան նպաստում է նաև դաշնային հեռուստաընկերությունների եթերում Ստալինի և նրա պաշտոնավարման տարիների մասին բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ցուցադրումը: Դրանցում բռնապետի կերպարն ավելի հաճախ է սկսել ներկայացվել դրական երանգներով:

Ստալինի մասին աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթունի հեղինակած ֆիլմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, թե «դեմ է Ստալինի անհարկի հրեշացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG