Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ վճիռների հետ կապված՝ դատախազներն ու քննիչներն արդեն կարող են պատասխանատվության ենթարկվել


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, մինչդեռ, ստեղծված վիճակի պատասխանատուներին պետք է փնտրել ոչ թե քննիչների ու դատախազների, այլ դատավորների մեջ։

Դատախազներն ու քննիչներն այսուհետև պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաև նրանք։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, շեշտելով՝ արդյունքում դատախազներն ու քննիչները կհասկանան, որ իրենց կայացրած որոշումները հետագայում դառնալու են ծառայողական քննության առարկա:

Դավթյան. - Ցանկացած այն դեպքում, երբ որ Եվրոպական դատարանը կկայացնի համապատասխան որոշումներ, կֆիքսի Հայաստանի Հանրապետությունում անձի իրավունքների խախտում, մենք այս փաստերով պետք է անպայման քննարկում անենք՝ ծառայողական քննություն անենք, տեսնենք, թե այդ խախտման մեջ ինչքա՞ն մեղավորություն ունի մեր դատախազը։ Եթե մեր դատախազի համարժեք մեղավորության փաստն առկա կլինի, ուրեմն դա կառաջացնի հետևանքներ, որքանով որ օրենքը թույլ կտա։ Եթե քննիչին էլ միաժամանակ կլինի, կնախաձեռնենք այդպիսի ծառայողական քննության իրականացում նաև քննիչի կողմից։

«Ազատություն». - Ինչո՞ւ եք նման որոշում կայացրել և ինչո՞ւ հիմա, ի վերջո բազմաթիվ վճիռներ են կայացվել Հայաստանի Հանրապետության դեմ և բազմաթիվ գումարներ են պետբյուջեից դուրս եկել դրա արդյունքում։

Դավթյան. - Դա աշխատանքային պրոցես է։ Չկա մի երկիր, որի դեմ Եվրոպական դատարանը որոշումներ կայացրած չլինի։ Եթե որևէ երկիր ձգտի, որ բացառի դա, ձգտելը ձգտում են, յուրաքանչյուրը քայլեր ձեռնարկում է, և այս քայլ էլ ես դիտարկում եմ դրան ուղղված։ Այսինքն՝ սրանով մենք փորձում ենք բարձրացնել առավել պատասխանատվությունը, որ յուրաքանչյուր դատախազ իմանա, որ երբ Եվրոպական դատարանը իր գործով կկայացնի որոշում, իր որոշումներն առավել բաց, առավել լայն հարթություններում քննարկման առարկա են դառնում։

«Ազատություն». - Պատասխանատվության կենթարկվե՞ն դատախազները, եթե որոշվի, որ նրանց թերացումների նաև արդյունքում է, որ նման վճիռ է կայացվել։

Դավթյան. - Եթե կորոշվի, որ նրանց խախտումների արդյունքում է դա կայացվել, կամ խախտումներ էին, որոնք դատախազը ժամանակին կարող էր կանխել, դա կառաջացնի համապատասխան իրավական հետևանքներ։

«Ազատություն». - Նույնը կարո՞ղ է տեղի ունենալ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու որոշման դեպքում։

Դավթյան. - Ցանկացած խախտման մասին է խոսքը, որովհետև այդ կալանքի պայմաններում մենք դատախազական լիազորություն ունենք կալանքը վերացնելու։ Ես չէի մասնավորեցնի, խոսքը վերաբերում է ցանկացած քրեական գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտմանը՝ դա կլինի կալանքին վերաբերող, կլինի արդար դատաքննությանը վերաբերող, ցանկացած իրավունքի խախտում պետք է անպայման համարժեք հետևանք ունենա։

«Ազատություն». - Իսկ այդ ծառայողական քննությունները երբվանի՞ց են մեկնարկելու։

Դավթյան. - Եթե զուտ իրավական առումով վերցնենք, մենք դա կսկսենք, ասենք, վաղը Եվրոպական դատարանի կողմից հրապարակված համապատասխան ակտերով։

Նկատենք, վերջին շրջանում իշխանությունները կարծես թե փորձում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվող վճիռների թիվը նվազեցնելու նպատակով: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում զգուշացրել էր, որ առաջիկայում Հայաստանի դեմ կարող են մեծ թվով վճիռներ կայացվել՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը: Համաձայն այդ որոշման, անգամ եթե անձը կասկածվում է ծանր հանցագործության մեջ, ապա նրան չեն կարող կալանավորել, եթե հիմնավոր պատճառներ դրա համար չեն ներկայացվել:

Ի դեպ, ըստ Գևորգ Կոստանյանի, այժմ քննարկվում է սխալ որոշումներ կայացրած քննիչներին և դատախազներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Գևորգ Կոստանյան, արխիվ
Գևորգ Կոստանյան, արխիվ

«Ազատության» հարցին՝ ի՞նչ եք կարծում, ձեզ դժվար օրե՞ր են սպասվում ՄԻԵԴ-ում՝ մեր դատական համակարգում կայացված որոշումները հիմնավորելու առումով, Կոստանյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ կարող կանխատեսում անել, քանի որ չգիտեմ այդ որոշումների հիմնավորվածությունը: Բայց կարող եմ ասել հետևյալը՝ երբ այդ գործերով որոշում կայացվի խախտման փաստի ճանաչմամբ, մենք հիմա արդեն քննարկում ենք (ոչ միայն կոնկրետ գործով, այլ բոլոր գործերով) պաշտոնական անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիրը:

Դատավորների մասին մենք խոսելու առիթ ունեցել ենք, դա մի քիչ բարդ է, բայց առնվազն միջնորդություն ներկայացրած սուբյեկտի, այդ սուբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնող սուբեկտի՝ քննիչի և դատախազի պատասխանատվության մասին մենք հիմա արդեն մտածում ենք, ցանկացած այն դեպքերում, երբ կունենանք չհիմնավորված կալանքի միջնորդություններ»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ, Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվող որոշումների քանակն ակնհայտորեն ավելանում է: 10 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները շատ ավելի քիչ թվով դիմումներ էին ներկայացնում ՄԻԵԴ, քան այսօր: Նրա խոսքով, իշխանությունները հասկանում են, որ նման որոշումների թիվն աճելու է երկրաչափական պրոգրեսիայով, հետևաբար խնդրին պետք է լուծում տալ: Ընդ որում, Եվրոպական դատարանի որոշումներում զգալի թիվ են կազմում անձի ազատության իրավունքի խախտման, մասնավորապես, անհիմն կալանավորման դեպքերը: Ըստ Վարոսյանի, սակայն, մեղավորներին պետք է փնտրել ոչ թե քննիչների ու դատախազների, այլ դատավորների մեջ։

«Այն պարագայում, երբ դատարանը կլինի անկախ ու ենթակա միայն օրենքին, այս խնդիրը կլուծվի: Քննիչների և դատախազների շրջանում մեղավորներ փնտրելը ես տրամաբանական չեմ համարում, որովհետև նրանք, այնուամենայնիվ, մեղադրանքի կողմում են և պետք է փորձեն անձի նկատմամբ երբեմն նաև չարդարացված խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարանին: Բա ինչի՞ համար է դատարանը, ի վերջո որոշում կայացնողը դատարանն է և պատասխանատուն էլ միայն դատարանն է»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Անցած 14 տարիների ընթացքում Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճիռների շարքում առաջին տեղում արդար դատաքննության իրավունքի խախտման գործերով կայացված որոշումներն են: Երկրորդ տեղում են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումների վերաբերյալ վճիռները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG