Մատչելիության հղումներ

Սարգսյան․ «Նոր շրջափուլը պետք է լինի հնարավորինս անցնցում»


Սերժ Սարգսյանը մասնակցեց կառավարության նիստին, 29-ը հունիսի, 2017 թ․
Սերժ Սարգսյանը մասնակցեց կառավարության նիստին, 29-ը հունիսի, 2017 թ․

Նախագահն այսօր նաև վերահաստատեց՝ իշխող ուժն ամբողջությամբ սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Կառավարությունը նոր շրջափուլ է սկսել, որը պետք է անցնի հնարավորինս անցնցում»: Այսօր, բացելով գործադիրի նիստը, այս մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը, իր ելույթի ընթացքում, սակայն, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ հնարավոր ցնցումներից է զգուշանում իշխանությունը։ «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է՝ այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանը, ով կառավարության ծրագրի հաստատումից հետո առաջին անգամն էր մասնակցում գործադիրի նիստին, ևս մեկ անգամ հայտարարեց՝ իշխող Հանրապետականն ամբողջությամբ սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ «Մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ասաց Սարգսյանն ու շարունակեց․ «Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»:

Վարչապետին ու կառավարոթյան անդամներին նախագահը հորդորեց չզլանալ՝ զրուցել քաղաքացիների հետ, աշխատանքում էլ լինել հնարավորինս թափանցիկ․ «Թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար»:

Գործադիրից թափանցիկություն ակնկալող Սերժ Սարգսյանն այսօր չբացահայտեց, թե ինչ դեր է իրեն վերապահված «այս շրջափուլի» ավարտին՝ 2018 թ․ ապրիլից հետո: Սարգսյանը, սակայն, կառավարությունից պահանջեց նշված ժամկետում ավարտին հասցնել ծրագրված աշխատանքները: «Մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Խոսելով հեռանկարային ծրագրերի մասին, 2018 թ․ ապրիլից լիազորությունները վայր դնող Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, թե իշխանությունները պատրաստ են համագործակցել կառուցողական դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,- նշեց նախագահը:

Նրա խոսքին արձագանքեց միայն վարչապետը, ասելով․ «Մենք հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք շատ վճռական ենք տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերն իրագործելու ենք»: Սերժ Սարգսյանն անպատասխան չթողնեց Կարապետյանի հայտարարությունը․ «Պարոն վարչապետ, եթե հեշտ լիներ, մինչև հիմա ամբողջն արած պրծած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք»:

Երբ Սարգսյանն արդեն հեռանում էր, վարչապետն անձամբ նրան ուղեկցեց մինչև ծառայողական մեքենան: Լրագրողների հարցին էլ՝ 2018-ից հետո ի՞նքն է լինելու վարչապետը, Կարապետյանը չարձագանքեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG