Մատչելիության հղումներ

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանք նախատեսող օրենսդրական փաթեթը կառավարություն կներկայացվի օգոստոսին


Նուբարաշենի աղբանոց, մարտ, 2016թ․
Նուբարաշենի աղբանոց, մարտ, 2016թ․

Հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին։

Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառման ուղղված օրենսդրական փաթեթը, աղբավայրերի արտոնագրման չափանիշները, ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ, կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը։

Այնուհետև վարչապետը դիմեց նախարար Դավիթ Լոքյանին, հետաքրքրվելով, թե երբ պատրաստ կլինի օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել օրինազանցների նկատմամբ։

«Պարոն վարչապետ, նախարարությունում ավարտվել է օրենքի նախապատրաստման հարցերը, առաջիկայում մենք այն կքննարկեն պարոն Հարությունյանի մոտ և ամենաուշը օգոստոսի առաջին տասնօրյակում կներկայացնենք կառավարության հաստատմանը, սեպտեմբերի սկզբին կմտնի Ազգային ժողով», - ասաց Լոքյանը։

Վարչապետը, հիշեցնենք, կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերել, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորել, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնել։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին է ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG