Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել «փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած» ոստիկաններին


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան այսօր դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով նրա հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ փաստաբանների և ոստիկանների միջև այսօր տեղի ունեցած միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար։

«Հայկական ժամանակ»-ի տեսանյութի համաձայն, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …», - ըստ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջի, ասել է Զաքարյանը։

Փաստաբանների պալատի նախագահը նաև նշել է, որ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

«2012 թվականի փետրվարի 8-ին Փաստաբանների պալատի և Ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն' կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ' ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով: Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ», - ասվել է Զաքարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG