Մատչելիության հղումներ

Վենեսուելայում ոստիկանական ուղղաթիռից գնդակոծել են Գերագույն դատարանի և ՆԳՆ շենքերը


Վենեսուելա - Ոստիկանական ուղղաթիռը թռչում է Գերագույն դատարանի շենքի վրայով, Կարակաս, 27-ը հունիսի, 2017թ․
Վենեսուելա - Ոստիկանական ուղղաթիռը թռչում է Գերագույն դատարանի շենքի վրայով, Կարակաս, 27-ը հունիսի, 2017թ․

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ոստիկանական ուղղաթիռից կրակ է բացվել երկրի Գերագույն դատարանի և ներքին գործերի նախարարության շենքերի վրա: Արձակվել է 15 կրակոց, նետվել է մի քանի նռնակ: Տուժածների մասին հաղորդագրություններ չկան:

Հունիսի 27-ին տեղի ունեցած հարձակման պահին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղիղ եթերում ելույթ էր ունենում պետական հեռուստատեսությամբ: Մադուրոն ասել է, որ այդ հարձակումը ահաբեկչություն է և զինված հեղաշրջման փորձ:

Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման հետևում կանգնած են Մադուրոյի իշխանության դեմ հանդես եկող ոստիկանները:

Վենեսուելայի իշխանությունները ասել են, որ ուղղաթիռը առևանգել էր ոստիկանության օդաչու Օսկար Պերեսը: Նա սոցցանցերում տեսաուղերձ է տեղադրել, որտեղ երկրի նախագահին կոչ է անում հրաժարական տալ: Տեսաուղերձում նա կանգնած է զինված խմբի հետ և ասում է, որ ինքը «ընդդեմ հանցագործ կառավարության ձևավորված զինվորականների, ոստիկանության և քաղաքացիական պաշտոնյաների կոալիցիայի ներկայացուցիչն է» և Մադուրոյին հրաժարականի ու վաղաժամկետ ընտրությունների կոչ է անում:

Հիշեցնենք՝ ապրիլից Վենեսուելայում հակակառավարական զանգվածային ցույցեր են բռնկվել: Տեղի են ունեցել անկարգություններ, բռնություններ: Ոստիկանների հետ բախումների արդյունքում առնվազն 75 մարդ է զոհվել: Իշխանությունները հայտարարում են, որ երկրին քաղաքացիական պատերազմ է սպառնում, իսկ ցուցարարներին անվանում են «ահաբեկիչներ»:

Ընդդիմությունը 54-ամյա Մադուրոյին բռնակալ է կոչում, պահանջում է ազատել բանտարկված հարյուրավոր ընդդիմադիրներին, ընտրություններ անցկացնել և քաղաքական ու տնտեսական ազատություններ հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG