Մատչելիության հղումներ

Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Սիրիայում քիմիական հարձակման դեպքում համատեղ գործողությունների շուրջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 25-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են Սիրիայում քիմիական հարձակման դեպքում համատեղ գործողություններ իրականացնելու շուրջ: Այս մասին երկու առաջնորդները պայմանավորվել են նախօրեին՝ հեռախոսազրույցի ընթացքում:

Ելիսեյան պալատի և Սպիտակ տան ղեկավարների այս հեռախոսազրույցը հաջորդում է պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությանը, թե ամերիկյան կողմը կասկածներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը նոր քիմիական հարձակում է նախաձեռնում:

Սպիտակ տան երկուշաբթի օրը հրապարակած հայտարարության համաձայն՝ նկատվող կասկածելի ակտիվությունը շատ նման է ապրիլի 4-ի նախաշեմին սիրիական «Շայրաթ» ռազմաբազայում տեղի ունեցած իրադարձություններին, ինչն ավարտվեց շուրջ ութ տասնյակ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած քիմիական հարձակմամբ․ դրան, հիշեցնենք, հաջորդեց նախագահ Թրամփի հրամանը, և ամերիկյան ուժերը հրթիռային հարձակում գործեցին Սիրիայի ավիաբազայի վրա: Սպիտակ տունը հունիսի 26-ի հայտարարությամբ հատուկ զգուշացրեց Սիրիայի նախագահին և կառավարական բանակին՝ քիմիական նոր հարձակման դեպքում թանկ են վճարելու:

Սպիտակ տան հայտարարությունից քիչ անց ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, թե քիմիական հարձակման «պատասխանատվությունը ընկնում է Ասադի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի վրա, որոնք օգնում են նրան սեփական ժողովրդին ոչնչացնելու գործում»:

Թրամփ-Մակրոն հեռախոսազրույցի մանրամասները կողմերը չեն հայտնում: Նրանք, Ելիսեյան պալատի փոխանցմամբ, «քննարկել են սիրիական հարցը և քիմիական հարձակման դեպքում համատեղ գործելու անհրաժեշտությունը»:

Մակրոնը, ում ղեկավարած երկիրը սիրիական ընդդիմությանը աջակցող արևմտյան կոալիցիայի մաս է կազմում, անցած ամիս Ասադին զգուշացրել էր՝ քիմիական հարձակումը կրկնվելու դեպքում Ֆրանսիան առանց հապաղելու հարված կհասցնի սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Այս հայտարարությունը վերլուծական շրջանակները գնահատեցին որպես պաշտոնական Մոսկվային հասցեագրված ուղերձ:

Կրեմլը երեկ Սպիտակ տան զգուշացումներն անընդունելի է համարել՝ հայտարարելով, թե տեղեկություններ չունի քիմիական զենքի կիրառմամբ նոր հարձակում նախապատրաստելու վերաբերյալ:

Ամերիկյան կողմի պնդումները հերքել է նաև պաշտոնական Դամասկոսը: «Սիրիական բանակը երբեք քիմիական զենք չի կիրառել, իսկ նման ենթադրությունները վկայում են Սիրիայի դեմ տարվող դիվանագիտական պատերազմի մասին», - Associated Press գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայի ազգային համաձայնության հարցերով նախարար Ալի Խայդարը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան, իր հերթին, հայտնել է Սիրիայի որոշ շրջաններում լարվածության թուլացման մասին: «Բազմաթիվ քաղաքներ վերադարձել են որոշակի առումով բնականոն կյանքի», - ասել է նա: Այդուհանդերձ, դիվանագետի խոսքերով, իրավիճակի բարելավումը չնպաստեց առավել կարիքավոր շրջաններ հումանիտար օգնությունը հասցնելուն:

Սիրիական կառավարությունը մշտապես հերքում է քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները: Այդուհանդերձ, ՄԱԿ-ը և Քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը հետաքննություն են իրականացրել և եկել այն եզրահանգման, որ սիրիական կառավարական զորքերը 2014-2015 թվականներին երեք հարձակում են իրականացրել քիմիական զենքի կիրառմամբ, մինչդեռ սիրիական իշխանությունները համաձայնել էին ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG