Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը պայքարում է, որ «տնտեսվարողների մեջ արտոնյալներ չլինեն»


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե ամենօրյա պայքար են մղում, որպեսզի տնտեսվարողների մեջ արտոնյալներ չլինեն:

Դրական միտումների մասին, Հարությունյանի կարծիքով, վկայում են անցած 5 ամիսների բյուջեի կատարողականի թվերը։ Նա, սակայն, հրաժարվեց տալ նախկինում ստվերում գործած և իր պաշտոնավարման ընթացքում հայտնաբերված ու այժմ հարկային դաշտում գործող որևէ խոշոր տնտեսվարողի անուն․ - «Երբևիցե ես չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել և բարձրաձայնել: Դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա վերջին 8-9 ամսում, և դրանով կարելի փաստել այն հաջողությունները, որ ՊԵԿ-ը ունի»:

Երբ լրագրողները շարունակեցին անուններ պահանջել, ՊԵԿ նախագահը փորձեց պատճառաբանել իր լռությունը․ - «Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ: Ստուգման արդյունքում այդ սխալները ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետբյուջե գումարներ են վճարվում: Եթե վճարվել են և մարդիկ շտկվել են, ինչո՞ւ եք ուզում դուք հիմա ցեխ շպրտել այդ մարդկանց երեսին»:

Վարդան Հարությունյանը նույնիսկ չի դիտարկում մամուլի այն պնդումները, թե ՀՀԿ-ականներ Սամվել Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը մենաշնորհներ ունեն շաքարավազի և բանանի ներկրման ոլորտներում՝ պատճառաբանելով, թե նրանք ԱԺ պատգամավորներ են, ուստի բիզնես գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն:

Անցած շաբաթ «Ալեքս տեքստիլ» այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին, մինչդեռ, ուղեկցում էր անձամբ Սամվել Ալեքսանյանը՝ չնայած «փաստաթղթերով», ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման, ընկերությունը պատկանում է նրա դստերը:

Նույն պարբերականը նաև վերլուծություն էր ներկայացրել՝ հրապարակված աշխատողների թիվը չի համապատասխանում նրանց վճարած եկամտային հարկի ծավալներին: Եզրահանգումն այն էր, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը հարկերից խուսափելու համար չի գրանցում աշխատողներին:

«Որևէ երկրում 100 տոկոսանոց ստվերը վերացված չի: Ուղղակի մենք ամեն օր պետք է հետևողական պայքար տանենք դրա դեմ», - հակադարձեց ՊԵԿ-ի նախագահը՝ հավելելով․ - «Եթե ձեզ հետաքրքրում ա կոնկրետ «Ալեքս տեքստիլը»՝ բոլորն ենք ստուգելու: Մի ֆիքսվեք մի սուբյեկտի, մի ձեռնարկության վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք, շնորհակալություն, որ դուք էդ փաստը հրապարակեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք»:

Հարցին, թե ստուգելու են արդյոք Սերժ Սարգսյանին և նրա մերձավորներին պատկանող բիզնեսները, Հարությունյանն արձագանքեց․ - «Ես խնդրում եմ, ցանկը տրամադրեք՝ եթե ունեք»:

Եվ ընդհանրապես, Վարդան Հարությունյանը չգիտի, թե ինչպես են հարստացել հայաստանցի պաշտոնյաները․ - «Եթե դուք այդպիսի ինֆորմացիա ունեք, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ուրիշի կարողությունն էլ չեմ հաշվում»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանի կարծիքով, ստվերը կրճատելու համար քաղաքական կամք է պետք․ - «Կատարողների մոտ է հարկավոր նաև քաղաքական կամք, որ այս կամ այն անուն-ազգանունը լսելուց չուզենան շրջանցել այդ անուն-ազգանունը, բերեն հարկային դաշտ էդ մարդկանց, ում անուն-ազգանունը որոշակի բան է ասում»:

Վարդան Հարությունյանն այսօր չշրջանցեց նաև կաշառք ստանալու համար մայիսին կալանավորված ՊԵԿ-ի պաշտոնյաների թեման: Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետը կալանավորվեց Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորի պատմությունից հետո:

«Տեսակետ կա, որ պարզապես «մանր ձկներին» են բռնել․․․ Ես չգիտեմ՝ «մանր ձուկ», «խոշոր ձուկ» դուք ինչ ի նկատի ունեք․․․» - նկատեց Հարությունյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կալանավորված պաշտոնյաները կաշառքը կիսում էին համապատասխան մարդկանց հետ, ՊԵԿ-ի նախագահն արձագանքեց․ - «Եթե ունեք նման ինֆորմացիա, խնդրում եմ տրամադրեք, և վստահեցնում եմ Ձեզ, Ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»:

Հարությունյանի փոխանցեց, որ ՊԵԿ-ում կրճատվել է 483 հաստիք՝ չբացառելով, որ կրճատումների արդյունքում բարեխիղճ աշխատողներ էլ կարող էին տուժել․ - «Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, բնական է, որ մարդկային գործոնի առկայությունը ավելի քչանում ա»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կառավարություն եկած Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը վստահեցնում է, թե բարձրագույն ղեկավարությունը պառակտված չէ՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նույն թիմից են:

Իսկ ինքը կլինի այնտեղ, որտեղ կցանկանա թիմը: Չցանկացավ՝ կհեռանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG