Մատչելիության հղումներ

Իվանկա Թրամփը «փորձում է հեռու մնալ քաղաքականությունից»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դուստր Իվանկա Թրամփը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում մշտապես ուղեկցել է հոր, և այժմ էլ Սպիտակ տան ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, հայտարարում է, որ փորձում է հեռու մնալ քաղաքականությունից։

«Ես փորձում եմ հեռու մնալ քաղաքականությունից։ Նրա քաղաքական բնազդը ֆենոմենալ է։ Ես քաղաքականությունը թողնում եմ այլոց և զբաղվում եմ այն հարցերով, որոնք ինձ հուզում են», - ամերիկյան Fox News հեռուստաընկերության Fox & friends հեռուստահաղորդման եթերում հայտարարել է Իվանկա Թրամփը։

Նախկինում նորաձևության և անշարժ գույքի բիզնեսներով զբաղվող, ապա հոր նախագահ դառնալուց հետո Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի պաշտոնն ստանձնած Իվանկա Թրամփը խոստովանել է նաև, որ շատ բարձր է գնահատում հոր աշխատանքը։

«Ես նրան խորհուրդներ եմ տալիս մի շարք հարցերում: Նա հավատում է իմ անկեղծ կարծիքին, ես բաց և անկեղծորեն խորհուրդներ եմ տալիս նրան: Երբեմն մենք համաձայնության ենք գալիս, երբեմն՝ ոչ։ Մենք տարբեր մարդիկ ենք, կան հարցեր, որոնց շուրջ մեր կարծիքները չեն համընկնում», -ասել է Իվանկա Թրամփը՝ առանց փակագծեր բացելու։

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր հոր աշխատանքը, նա պատասխանել է, թե ամենաբարձր գնահատականը կտար:

«Ես կարծում եմ, որ նա հիանալի աշխատանք է կատարում, անհավատալի աշխատանք», - հայտարարել է ամերիկյան պետության ղեկավարի 35-ամյա դուստրը։

Ի դեպ, Սպիտակ տան ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնն էլ զբաղեցնում է Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ով վերջերս հայտնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում՝ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի գործի շրջանակում՝ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի և ռուսաստանյան պետական «Վնեշէկոնոմբանկ»-ի ղեկավար Սերգեյ Գորկովի հետ հանդիպումների պատճառով:

Գորկովի անունը ներառված է ամերիկյան պատժամիջոցների ցանկում, որը սահմանվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցման պատճառով:

Ամերիկյան մի շարք կառույցներ՝ կոնգրեսական հանձնաժողովներ, Արդարադատության նախարարության կողմից նշանակված հատուկ խորհուրդը, քննում են 2016 թվականին ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, Թրամփի շրջապատի և Ռուսաստանի միջև կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG