Մատչելիության հղումներ

Բասենցիները դեմ են համայնքների խոշորացմանը


Նոյեմբերին Շիրակի մարզի Բասեն համայնքը ևս 6 համայքների հետ կմիավորվի Ախուրյանին:

Բասենցիները, սակայն, պատրաստվում են կառավարության խոշորացման ծրագրին դեմ դուրս գալ: Նրանք հիշում են, որ տարիներ առաջ, երբ միավորված էին հարևան գյուղի հետ, գյուղացիների մեջ անընդհատ կռիվ էր: Հիմա էլ բասենցիները մտավախություն ունեն, որ խոշորացումը գյուղերի մեջ կռիվ կգցի:

«Փորձն ունենք, աղջիկ ջան, միավորվել էինք էս փոքր գյուղի հետ, վեց ամիս տևեց, վեց ամիս հետո իրար կերանք, սաղ մոտիկ մարդիկ իրար կծեծեին», - ասացին գյուղացիներն ու կատակով հավելեցին. - «Կամ էլ՝ մեզ միացրեք ու հեռու կացեք»։

Բասենցիները չեն բացառում, որ կառավարությունը լավ նպատակով է նախաձեռնել խոշորացումը, բայց նշում են՝ վերևներում նստած չգիտեն ներքևների պահանջները:

«Պետք չի, աման, փառք Աստծո, մեր գյուղը կայացած, շատ լավ գյուղ է, մենք իրար հասկանում ենք, ապրում ենք, ինչի՞ եք խառնում մեր գյուղը», - ասաց գյուղացիներից մեկը։ Մյուսն էլ հավելեց. - «Հողը, ջուրն առաջինը դու կվերցնես, հետո կտաս ինձ։ Սրանք շատ նուրբ հարցեր են, որոնք պետք է մտածվեն»։

Բասենցիներն ասում են, որ պատրաստվում են պայքարի դուրս գալ։ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը ևս ձեռքերը ծալած չի նստելու, ասում է՝ կան խոշորացման դեմ ընդդիմանալու տարբերակներ և փորձելու են կառավարությանը ապացուցել, որ դա սխալ է:

Հիշեցնենք, որ խոշորացման առաջին փուլում Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների 44 համայնքների փոխարեն 4-ն է ձևավորվել: Նոյեմբերին էլ Ախուրյանի ու Անիի տարածաշրջանների 42 համայնք կխոշորացվի՝ կազմելով 3 համայնք:

Առայժմ Ազատանի ու հարակից գյուղերի, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի գյուղերի խոշորացումն է հետաձգվել: Նոյեմբերին կայանալիք խոշորացման գործընթացից հետո Շիրակի մարզը 119-ի փոխարեն կունենա 43 համայնք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG