Մատչելիության հղումներ

Թրամփը կցանկանար Համբուրգում լիարժեք հանդիպում անցկացնել Պուտինի հետ


ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Սպիտակ տունը և Կրեմլը հանդիպման հարցում հստակ որոշում դեռ չունեն:

The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում ոչ թե հպանցիկ, այլ լիարժեք հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բայց Սպիտակ տան թիմի ոչ բոլոր անդամներն են ողջունում այդ գաղափարը: Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ համոզված են, որ այս շրջանում, երբ օրենսդիրները, քննիչներն ու մամուլը փորձում են պարզել ընտրություններից առաջ հանրապետական թեկնածուի և ռուսների հանդիպումների հանգամանքները, երբ հանրությունը քննարկում է ընտրական հաստատությունների վրա ռուս հաքերների հարձակումների թեման՝ նախագահի համար ձեռնտու չի լինի հանդիպումն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Մինչդեռ, ըստ Associated Press-ի, ինքը Թրամփը և նրա օգնականներից մի քանիսը, այնուամենայնիվ, պնդում են, որ նախընտրելի է Պուտինի հետ Համբուրգում անցկացնել միջազգային ընդունված ընթացակարգով առանձնազրույց, որին կհաջորդի նաև մամլո ասուլիս:

Պետական դեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաները Սպիտակ տանը հորդորում են նաև այլընտրանքային տարբերակ, ըստ որի Թրամփը և Պուտինը Համբուրգում մեկ-մեկու ձեռք կսեղմեն, ոտքի վրա կփոխանակել մի քանի ընդհանուր խոսք, կլուսանկարվեն, իսկ ամերիկյան և ռուսական պատվիրակությունները՝ առանց նախագահների, կանցկացնեն համապարփակ բանակցություններ երկկողմ հարաբերությունների բարելավման և ռազմավարական կայունության շուրջ:

Այս տարբերվող մոտեցումները վկայում են Մոսկվայի հանդեպ քաղաքականության հարցում Վաշինգտոնում առկա որոշակի անհամաձայնության մասին:

Ըստ Associated Press-ի, առանձնազրույցն ունի բանակցող կողմերի համար հստակ առավելություն՝ դեմ առ դեմ հանդիպումը թույլ է տալիս ավելի մարդկային բնույթ հաղորդել շփումներին, վերացնել լարվածությունը, որը բնորոշ է ցանկացած ոչ ուղիղ, հեռախոսային քննարկմանը, իսկ գործնական և արդյունավետ բանակցությունների վարպետ Թրամփը կարող է Պուտինի հետ գտնել համաձայնության եզրեր մասնավորապես Սիրիայի խնդրում:

Բայց կան նաև վտանգավոր խութեր․ Թրամփը հայտնի է որպես խառնվածքով հախուռն, ընթացակարգից շեղվող, էքսպրոմտների դիմող անձ, և դա կարող է հանգեցնել դիվանագիտական վրիպակների: Օրինակ, մայիսին նա իր աշխատասենյակում «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին խոսելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ՝ անզգուշորեն բացահայտել է հույժ գաղտնի տեղեկություն, ինչի հետևանքով վտանգի տակ են հայտնվել Իսրայելի հատուկ ծառայությունները:

Թե՛ Ամերիկայի և թե՛ Իսրայելի անվտանգության ծառայությունների վրդովմունքը հարուցած այդ տհաճ միջադեպը դժվարությամբ է հաջողվել մեղմել:

Բացի այդ, Արևմուտքի փորձագետները նախազգուշացնում են, որ Պուտինը վստահելի գործընկեր չէ:

«Պուտինը խորաթափանց և փորձառու քաղաքական գործիչ է, նա կարող է Թրամփի հետ զրույցում շրջանցել հաքերների թեման և զրուցակցի ուշադրությունը հրավիրել իր համար ավելի կարևոր հարցերի՝ պատժամիջոցների չեղարկման, նավթի գների բարձրացման, Ռուսաստանում 2018-ի նախագահական ընտրությունների վրա: Նա ի զորու է իր օգտին փոխել զրույցի ընթացքը», - ասել է ՊԱԿ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինը:

«Թրամփը անելանելի վիճակում է: Մի կողմից, նա չի կարող շատ սիրալիր լինել Պուտինի հետ, որովհետև դա կընձեռի Թրամփին ռուսական կապերի մեջ կասկածելու նոր առիթ, մյուս կողմից, նա չի կարող շատ կոշտ լինել Պուտինի հետ, որովհետև Պուտինն ունի չեկիստի մտածելակերպ և «երկար ձեռքեր»: Ուստի, նա դատապարտված է լավ հարաբերություններ հաստատել և կատարել Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու նախընտրական խոստումը», - ասել է Ռուսաստանի քաղաքականության հարցերով պրոֆեսոր, վերլուծաբան, ներկայումս Ամերիկայում բնակվող և դասավանդող Նինա Խրուշչովան, ով, ի դեպ, սովետական նախկին ղեկավար Նիկիտա Խորուշչովի ծոռնուհին է:

Սպիտակ տունը հայտնել է, թե Համբուրգում Թրամփ - Պուտին հանդիպում կազմակերպելու հարցում դեռ վերջնական որոշում չկա:

Վերջին անգամ Ամերիկայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են 2015 թվականին: ՄԱԿ-ի համալիրում Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի թեման:

Թրամփի տարաձայնությունները Պետական դեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի հետ ավելի խորն են և չեն սահմանափակվում միայն G20-ի հավաքում Պուտինին հանդիպել-չհանդիպելու խնդրով:

ԱՄՆ անվտանգության համար պատասխանատու բոլոր 17 կառույցները միաբերան պնդում են, որ Ռուսաստանը միջամտել է անցյալ տարվա ընտրություններին՝ հօգուտ Թրամփի:

«Թրամփը պարտավոր է հստակ և ուղիղ ասել Պուտինին, որ Ամերիկան զայրացած է դրանից: Եթե չասի՝ կհայտնվի Կոնգրեսի և ամերիկյան մամուլի հարվածների տակ, և վստահաբար Կոնգրեսը կհաստատի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները», - ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փիֆերը և ավելացրել. - «Համբուրգից շատ համեստ սպասելիքներ են: Թող չշտապեն նրանք, ովքեր կարծում են, թե Համբոտւրգում մեղրամիս կլինի»:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլը պատրաստ է Համբուրգում Թրամփի հետ հանդիպման՝ ցանկացած ձևաչափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG