Մատչելիության հղումներ

Հայ-ֆրանսիական մանկական երգչախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում և Շվեյցարիայում


Երկու օր հետո՝ հունիսի 28-ից Ֆրանսիայում և Շվեյցարիայում կսկսվեն հայ-ֆրանսիական մանկական երգչախմբի համերգները, որոնք կտևեն մինչև հուլիսի 11-ը:

Մոտ երկու շաբաթ հայ-ֆրանսիական մանկական երգչախմբում ընդգրկված Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի և ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները համերգներով հանդես կգան ֆրանսիական և շվեցարական քաղաքներում՝ Մարսելում, Վալանսում, Ռոմանում, Ժնևում և Լիոնում, համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայ-ֆրանսիական մանկական այս երգչախումբը ստեղծվել է 2015 թվականին։ Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել նույն տարում՝ ֆրանսիայում: Այս երկու տարիների ընթացքում երգչախումբն արդեն իսկ հանդես է եկել ֆրանսիական մի շարք քաղաքներում՝ տարեցտարի ընդլայնելով երգացանկը, որում տեղ են գտել Կոմիտասի, Արամ խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ հայ կոմպոզիտորների, իհարկե նաև ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններ:

Ուշագրավ է նաև, որ 2 օր հետո ֆրանսիայում և Շվեյցարիայում մեկնարկելիք հայ-ֆրանսիական մանկական երգչախմբի հյուրախաղերի ընթացքում Հայաստանից ժամանած մասնագետները կանցկանեն վարպետության դասեր ֆրանսիացի պատանիների հետ, իսկ հայաստանցի երեխաների համար էլ նախատեսված են գիտաճանաչողական այցեր Ֆրանսիայի և Շվեյցարիայի լավագույն մշակութային կենտրոններում:

Մինչ հայ և ֆրանսիացի պատանի երաժիշտները կսկսեն իրենց համերգները Ֆրանսիայում և Շվեյցարիայում, այստեղ՝ Երևանում, հունիսի 17-ից 24 անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Արդեն 4-րդ անգամ է իրենց ստեղծագործական կարողություններն են մրցակցության ներկայացնում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած դաշնակահարներ, որոնց տարիքը չի գերազանցում 18-ը:

Մրցույթ-փառատոնը կազմակերպում է Առնո Բաբաջանբյանի անվան պետական-մանկավարժական ուսումնարանը՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ՝ մեծ կոմպոզիտորի թողած ժառանգությունն աշխարհով մեկ տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG