Մատչելիության հղումներ

Գերմանիան ակնկալում է, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակցած թիկնապահները Համբուրգում չեն ուղեկցի Էրդողանին


ԱՄՆ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիտում է, թե ինչպես են իր թիկնապահներն ու կողմնակիցները ծեծում ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիտում է, թե ինչպես են իր թիկնապահներն ու կողմնակիցները ծեծում ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․

Այսօր Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մաթիաս Շեֆերը ճեպազրույցում ասել է, թե Անկարայից ստացված տեղեկատվության համաձայն, ակնկալում են, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակցած թիկնապահները Էրդողանին չեն ուղեկցելու Համբուրգ կատարելիք այցի ընթացքում:

Նա չի հերքել մամուլի հրապարակումները, որ դա կատարվում է Բեռլինի պահանջով: Միաժամանակ, Գերմանիայի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Բեռլինը հոգ կտանի, որ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի, ինչպես նաև այլ միջոցառումների ժամանակ արտասահմանցի հյուրերը կարողանան ունենալ սեփական թիկնազորը:

Գերմանիան պատրաստվում է հյուրընկալել Մեծ քսանյակի զարգացած երկրների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը, ապահովել գագաթնաժողովի պատշաճ անվտանգությունը, բայց բռնություններ հնարավոր է տեղի ունենան ոչ թե ցուցարարների, այլ Թուրքիայի նախագահի թիկնապահների կողմից, որոնք հանրաճանաչ են դարձել անցած մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ գործադրած բռնություններով:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոնի բռնություններին մասնակցած թիկնապահները Գերմանիա չմտնեն։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը՝ վկայակոչելով կիրակնօրյա մամուլի հրապարակումները:

Die Welt թերթը գրել է, որ խորհրդարանի դռնփակ հանդիպմանը կառավարության այս որոշման մասին տեղեկացվել է Բունդեսթագի պատգամավորներին:

G20 գագաթնաժողովն անցկացվելու է Համբուրգում հուլիսի 7-8-ը: Համբուրգից սենատոր Էնդի Գրոթը Die Welt-ին ասել է. - «Մեր փողոցներում պետք է միայն Համբուրգի ոստիկանությունը լինի, ուրիշ ոչ մեկը, դա վերաբերում է նաև արտերկրի առաջնորդների անվտանգության ուժերին»:

Hamburger Abendblatt թերթը երեկ գրել է, որ Թուրքիայի դեսպանությունը Գերմանիայի արտգործնախարարությանը Էրդողանին ուղեկցող 50 անձից կազմված ցուցակ է ուղարկել, որտեղ, ըստ հրապարակման, ներառված են նաև Վաշինգտոնի բռնություններին մասնակցած թիկնապահները:

Ռեջեփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ, նրա թիկնապահները հարձակվել էին այցի դեմ բողոքող հայ, քուրդ, հույն խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: ԱՄՆ-ի Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել: Վաշինգտոնի ոստիկանությունը ԱՄՆ-ում բնակվող երկու թուրքի էր ձերբակալել, ինչպես նաև Էրդողանի թիկնազորի 12 անդամներին ձերբակալելու սանկցիա էր տվել, որոնցից 9-ը թիկնապահներ են, 3-ը՝ Թուրքիայի ոստիկանության սպաներ․ վերջիններս, սակայն, արդեն հեռացել էին Միացյալ Նահանգներից:

Գերմանիայի իշխանություններին անհանգստացնում են նաև Գերմանիայում բնակվող քրդերի և ազգայնական թուրքերի միջև հնարավոր բախումները, ինչպես նաև ծայրահեղ ձախակողմյանների պլանավորած բողոքի ակցիաները:

Ակնկալվում է, որ G20-ի գագաթնաժողովի օրերին ավելի քան 10 հազար ձախակողմյան ծայրահեղականներ, սոցիալիստներ բողոքի ակցիաների համար կհավաքվեն Համբուրգում: Նրանք արդեն մի քանի հազար վրան տեղադրելու հայց էին ներկայացրել քաղաքային իշխանություններին, մի քանի որոշումներից հետո Համբուրգի վճռաբեկ դատարանն անցած ուրբաթ որոշեց չթույլատրել վրանների տեղադրումը: Գագաթնաժողովին ընդառաջ ձախակողմյան ծայրահեղականները Համբուրգի փողոցներում սկսել են հաճախ ավտոմեքենաներ հրկիզել:

Իշխանությունները զգուշանում են նաև Գերմանիայում բնակվող քրդերի և թուրքերի միջև հնարավոր անկարգություններից: Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Hamburger Abendblatt-ին ասել էր, որ քրդական համայնքին հավաքվելու համար երկար ժամանակ պետք չէ, որովհետև այն շատ հիերարխիկ է:

Գերմանիայի հետախուզական ծառայության (BfV) տեղի բաժանմունքից Die Welt-ին ասել են, որ Համբուրգի փողոցներում քրդերի և ազգայնական թուրքերի միջև բախումները կարող են հեշտությամբ բռնկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG