Մատչելիության հղումներ

Ստալինը՝ ամենաականավոր անձ ըստ ռուսաստանցիների․ «Լևադա»-ի հարցում


Ռուսաստան - Ստալինի դիմանկարը Մոսկվայի մետրոպոլիտենի «Սոկոլնիկի» կայարանի պատին, մայիս, 2017թ․
Ռուսաստան - Ստալինի դիմանկարը Մոսկվայի մետրոպոլիտենի «Սոկոլնիկի» կայարանի պատին, մայիս, 2017թ․

Ռուսաստանցիները Իոսիֆ Ստալինին են համարում են բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաականավոր անձ․ խորհրդային բռնապետի վարկանիշը գերազանցում է անգամ ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի և նույնիսկ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի վարկանիշները:

«Լևադա» կենտրոնը ռուսաստանցիներին հարցրել է, թե ովքեր են, իրենց կարծիքով, 10 ամենաականավոր անձինք: Ամենամեծ թվով հարցվածները՝ 38 տոկոսը մատնանշել են Ստալինին, որին հաջորդում են Պուշկինը և Պուտինը՝ 34-ական տոկոսով:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը նշում է, որ 1989 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահն առաջին անգամ է հայտնվում այս վարկանիշային եռյակում:

Ռուսաստանի 48 շրջանի 137 բնակավայրում 1600 հոգու շրջանում անցկացրած հարցումների արդյունքներով՝ բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենանշանավոր անձանց տասնյակում են հայտնվել նաև Պետրոս առաջին կայսրը, աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը, գրող Լև Տոլստոյը: Ցուցակը եզրափակում է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը:

«Լևադա» կենտրոնը նմանօրինակ հարցում էր անցկացրել նաև հինգ տարի առաջ, այն ժամանակ նույնպես առաջին հորիզոնականում էր Ստալինը՝ մոտ 42 տոկոս վարկանիշով:

Վերլուծաբանները նկատում են որ վերջին տարիներին Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը Ստալինի հանդեպ:

Սեփական երկրի քաղաքացիների զանգվածային բռնաճնշումների հեղինակի պատվին Ռուսաստանում թանգարաններ են բացվում, կիսանդրիներ տեղադրվում: Նախկինում անցկացված հարցումները վկայում են, որ ռուսաստանցիների կարծիքով՝ ինչ սխալներ ու հանցագործություններ էլ հասցեագրվեն Ստալինին, ամենակարևորն այն է, որ նրա ղեկավարությամբ հնարավոր դարձավ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի օրերս հեռարձակված ֆիլմում հայտարարում է, թե Ստալինի անհարկի հրեշացումը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի վրա հարձակվելու միջոց է: «Ցույց տալ, որ ժամանակակից Ռուսաստանը շարունակում է կրել ստալինիզմից ժառանգած արատները», - ասում է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG