Մատչելիության հղումներ

Օրեր առաջ դատարանում զինված ապստամբության կոչեր հնչեցրած «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։

Ավետիսյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում անցած ամռանը Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու համար:

Այսօր Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցած չորեքշաբթի Ավետիսյանը նիստին մասնակցող քաղաքացիների և լրագրողների ներկայությամբ «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր» է հնչեցրել: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Արդեն իսկ մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող Վարուժան Ավետիսյանին կարող է առաջադրվել է ևս մեկ մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով («Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»):

Նա, հիշեցնենք, մեղադրվում է 2015-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելուն նախապատրաստվելու, անցած ամռանը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ պատանդ վերցնելու, զենք, զինամթերք հափշտակելու, դիտավորությամբ գույք ոչնչացնելու մեջ։

Ավետիսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը պնդում է, որ գլխավոր դատախազության կողմից առաջադրված վերջին մեղադրանքը չի համապաստախանում Ավետիսյանի հնչեցրած կոչերին՝ զինված ապստամբություն իրականացնել և ոչնչացնել «Սերժիկի բանդան»։

«301 հոդվածով նախատեսված հանցակազմին Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը չի համապատասխանում՝ մի քանի կարևոր հանգամանքներ և փաստեր հաշվի առնելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը: - «Իհարկե դեռ քննարկման առարկա է, թե կոնկրետ քրեական գործի հարուցման որոշմամբ ում են դիտարկել «Սերժիկ» անվան տակ: Բայց ես կուզեի խոսել էն մասին, որ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը չի վերաբերում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը տապալելուն»:

Փաստաբանը հիշեցնում է Վարուժան Ավետիսյանի նախորդ գործողությունները, նրա ընդդիմադիր գործունեությունը՝ պնդելով, որ ընդհակառակը՝ իր պաշտպանյալը բարձրացրել է սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր․ - «Ըստ Վարուժան Ավետիսյանի ոչ միայն այս հայտարարության, այլ նաև դրան նախորդող գործունեության և հայտարարությունների, մենք կարող ենք տեսնել, որ նա բարձրացնում է սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր և ժողովրդին պատկանող իշխանությունը այն յուրացրած խմբից ժողովրդին վերադարձնելու խնդիր»:

Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով վերջին դատական նիստը դատավորի որոշմամբ մի քանի անգամ ընդմիջվեց։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարբերաբար դիտողություն էր անում ամբաստանյալներին՝ հորդորելով առանց իր թույլտվության ելույթ չունենալ և վիրավորական արտահայություններ չհնչեցնել դատարանում։ Հենց այդ նիստի ընթացքում էլ Ավետիսյանը նման կոչեր հնչեցրեց և դատավորի որոշմամբ հեռացվեց նիստերի դահլիճից։

«Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում դատավորը սանկցիաներ կիրառեց ոչ միայն Ավետիսյանի, այլև նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաև զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ։

«Սասնա ծռերի» փաստաբանները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը միտումնավոր է դատն անցկացնում նման մթնոլորտում, որպեսզի բոլոր ամբաստանյալներին հեռացնի դատարանի դահլիճից և գործը քննի առանց նրանց մասնակցության։

Անցած նիստից հետո Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ևս նման մտահոգություն էր հնչեցրել․ - «Ստեղ համապատասխան ծրագիր է մշակված դատական իշխանության կողմից: Ի վերջո իրանք հասկանում են, որ այս գործով դժվար կլինի դատական նիստեր սկսել, որովհետև տեսնում են, որ ըմբոստություն կա որոշակի դատական համակարգի նկատմամբ: Եվ սրանով մշակված է որոշակի պլան, որ պետք է հեռացվեն ամբաստանյալները, պաշտպանները: Բայց, իմ կարծիքով, նրանք փակուղի կմտնեն, և այս կերպ շարունակելը անհնարին կդառնա, որովհետև մի անօրինական որոշումից հետո լինում է երկրորդ որոշումը»:

Ընդհանուր առմամբ «Սասնա ծռերի» գործով ավելի քան 60 մեղադրյալ է անցնում: Նրանք պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ՊՊԾ գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

XS
SM
MD
LG