Մատչելիության հղումներ

Լոլիկ ներկրել փորձող ձեռներեցներն ասում են, որ իրենց խոչընդոտում են, քանի որ «կռիշ չունեն»


Բագրատաշենի մաքսակետը, արխիվ
Բագրատաշենի մաքսակետը, արխիվ

Վանաձորցի Թեմուրյանների ընտանիքը դատական քաշքշուքների մեջ է հայտնվել։ Մեկ տարի առաջ փորձել են Բագրատաշենի մաքսակետով 100 հազար դրամի չափով միրգ ու բանջարեղեն՝ հիմնականում լոլիկ ներկրել, բայց խնդիրների առաջ են կանգնել։ Հայաստանի մաքսավորները չեն թույլատրել ներկրել Վրաստանից ցածր գներով ձեռք բերված լոլիկը։

30-ամյա Աշոտ Թեմուրյանը պատմում է․ «Ասեցին մաքսազերծում չենք կարող անել։ Հարցրի՝ բա ի՞նչ անեմ, ասին՝ կողքով գետ ա անցնում, տարեք թափեք գետը»։ Ապրանքը գետը չեն լցրել։ Պահ են տվել մաքսակետի ոչ սառնարանային պահեստում ու գնացել Վանաձոր՝ իրավապահների միջոցով հարցը լուծելու համար, բայց արդյունքի չեն հասել: Մի քանի օր անց Բագրատաշենից հայտնել են, որ ապրանքն արդեն փչացել է, փոխհատուցման տարբերակ էլ չկա: Աշոտի հայրը՝ Սուրեն Թեմուրյանը համոզված է՝ հատկապես գարնանն առանց հովանավորի անհնար է Հայաստան բանջարեղեն ներկրել՝ թեկուզ փոքր առևտրի նպատակով․ «Եթե մենք մարդ ունենանք, վերևից զանգեն ու ասեն, որ դուք կարաք էդ գործն անեք՝ կանենք»։

Աշոտ Թեմուրյանը հավելում է․ «Ինձ հարցրեցին՝ դու ո՞վ ես, ինչի՞ ես ուզում էս գործն անես, մենք քեզ չենք ճանաչում: Ինձ չէին ճանաչում, չվստահեցին, ոչ մի տիպի գործարք չուզեցան ինձ հետ կնքեն: Բայց ովքեր իրանց ճանաչած մարդիկ էին, նրանց թողնում էին, ազատ անցնում էին։ Ինձ չվստահեցին, կռիշ չկար»։

Վանաձորի բնակիչները Տավուշի մարզի ոստիկանություն են դիմել՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն, մերժվել են։ Իրավապահների մերժումը բողոքարկել են դատարանում, բայց դարձյալ արդյունքի չեն հասել։ Դեռ չամուսնացած, աշխատանք չունեցող երիտասարդը, որը փորձում է ինչ-որ կերպ հաստատվել կյանքում, ասում է, թե չի կարողանում առևտրով զբաղվելու հնարավորություն գտնել:

Աշոտի հայրը շեշտում է՝ մաքսակետում սահմանը հատողների համար հրապարակային տեղեկատվություն չկա՝ մաքսազերծման գների, պայմանների ու կարգուկանոնի մասին։ Ըստ նրա, դա մեծացնում է կոռուպցիոն վտանգներն ու քաղաքացիների անվստահությունը։ «Լոլիկի վաճառքի գինը 800 դրամ ա, 1 կիլոգրամը: Մենք առել ենք 300-340 դրամի սահմաններում: Դա որ մաքսազերծենք երեք դոլարով,կստացվի 800-840 դրամ: Ես ո՞նց եմ 800 դրամով վաճառելու»,- հարց է տալիս Սուրեն Թեմուրյանը:

Թեմուրյանները պնդում են, որ մաքսակետում հաշվի չեն առնում նաև Վրաստանում իրենց գնած ապրանքի կտրոնը․ «Ասում են՝ ես Հունաստանի ու Թուրքիայի չեկին հավատում եմ, Վրաստանի չեկին՝ չեմ հավատում։ Ձեռք չի տալի նրան։ Էդ վիճակով փակուղի են ստեղծում, որ իմ նման սովորական մարդը չկարողանա ոչ մի բիզնես անի»։

Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետ Հովհաննես Հարությունյանն «Ազատության» ասաց, թե կասկածում է, որ մաքսակետի աշխատակիցներն անօրինականություն են թույլ տվել։ «Չի կարող ուղղակի տենց դեպք լինել։ Հիմա էլ ունենք պահեստում ապրանքներ, փաստաթղթերով ձևակերպված: Սպասում ենք՝ երբ մարդիկ կգան, կտանեն իրենց ապրանքը։ էդ ժողովրդի խոսքին, անկեղծ եմ ասում էլի, էդքան չի կարելի հավատալ։ Ցեխ շպրտելու համար ինչ ասես, կարող են ասել»,- ասաց Հարությունյանը։

Չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե օրենքի առջև բոլորը հավասար են, մաքսակետի անցուդարձին ծանոթ վանաձորցիներն ասում են՝ քանի դեռ Հայաստանի մաքսային օրենքները «խիստ նպաստավոր են կոռուպցիայի համար», ոլորտում շատ բան փոխել հնարավոր չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG