Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի մի շարք գյուղերի տրանսպորտը չի սպասարկում


Ամասիայի Եղանաջուր համայնք տանող ճանապարհը

Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանի որոշ գյուղեր զուրկ են տրանսպորտային սպասարկումից: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մրցույթներին մասնակցելու հայտեր չեն ներկայացվում, քանի որ երթուղիները վնասով են աշխատում:

Այս ամսվա սկզբին 8 երթուղու համար մրցույթ էր հայտարարվել, սակայն հայտեր չլինելու պատճառով երթուղու սպասարկման հարցը դարձյալ չլուծվեց: Մյուս էական պատճառը ճանապարհների վատ վիճակով պայմանավորված՝ ուղևորհահոսքի նվազումն է:

Տրանսպորտից զրկված գյուղերում մարդիկ իրենց գլխի ճարը տեսել են՝ հույսները կտրելով, որ երբևէ տրանսպորտ կունենան, ստիպված սեփական մեքենաներ են ձեռք բերել: Եղանաջուր գյուղի բնակիչներից մեկն ասում է․ ««Գազել» չի աշխատում, եթե աշխատի էլ, օգտվող չի լինի, որովհետև ամեն մեկն իրա մեքենան ունի: Ավտո ունենք, շաբաթը մեկ գնում ենք Գյումրիից առևտուրն անում ենք ու ետ գալիս»:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի ու ճանապահաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է, որ տրանսպորտային հիմնական սպասարկում չունեցող գուղերում ժամանակավոր լուծում են գտել․ «Ժամանակավորապես երթուղինեը տրամադրվել են անհատների, մինչև վերջնական հարցը կկարգավորվի»:

Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ուղեվորահոսքը շուրջ 20 տոկոսվ պակասել է: Հիմա սպասում են, որ կառավարության մշակած նոր ծրագրի համաձայն, երթուղիները խոշոր օպերատորներին հանձնվեն՝ շահութաբեր գծերի հաշվին վնասով աշխատող երթուղիները սպասարկելու ակնկալիքով:

«Մեր մարզը կբաժանվի 2 խոշոր օպերատորական ընկերությունների՝ Գյումրի և Արթիկ քաղաքներում: Այն երթուղիները, որոնք շահագործման համար ոչ շահութաբեր են, կտրամադրվեն մեծ օպերատորի, որը երթուղիները համատեղ շահագործելով՝ կսպասարկի նաև ոչ շահութաբեր երթուղիները»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան:

Թե ով ու ինչ կարգով է անցկացնելու նոր միասնական օպերատորի ընտրությունը, դեռ պարզ չէ, կանոնակարգը հստակեցվում է: Խնդիր է դրված, որ բոլոր համայնքներն էլ կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG