Կատարը հայտարարել է, որ Al-Jazeera հեռուստակայանի գործունեությունը դադարեցնելու, Իրանի հետ դիվանագիտական կապերը խզելու և Թուրքիայի օդային ռազմակայանը փակելու վերաբերյալ արաբական չորս երկրների ներկայացրած պահանջն անընդունելի է:
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Դոհային են ներկայացրել 13 կետից բաղկացած պահանջագիր, հայտարարելով, որ միայն դրա իրագործումը թույլ կտա վերականգնել հարաբերությունները Կատարի հետ:
«Այդ ցանկը հաստատում է այն, ինչ մենք արդեն ասել ենք՝ մեր երկրի ապօրինի շրջափակումը ոչ մի կապ չունի ահաբեկչության դեմ պայքարի հետ, նրանք ընդամենը ցանկանում են սահմանափակել Կատարի ինքնիշխանությունը և մեր փոխարեն վարել արտաքին քաղաքականությունը»,- ասել է Կատարի կառավարության խոսնակ Շեյխ Սաիֆ ալ-Թհանին: