Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Հայաստանից GSP+ շրջանակում ստանձնած պարտավորությունների հարցում առաջընթաց է ակնկալում


Աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի և անկախ ու արդյունավետ դատական իշխանության բացակայություն։ Սրանք են այն երեք հիմնական խնդիրները, որոնք, ըստ Եվրամիության, մտահոգիչ են տնտեսական զարգացումը բարեխիղճ կառավարման հետ համադրելուն ձգտող պետության պարագայում:

Այս օրերին մշտադիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵՄ առևտրի հարցերով խորհրդականն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նշված հարցերով քննարկումներ են ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։

«Ես հենց նոր վերադարձել եմ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ հանդիպումից։ Մենք քննարկել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց կապակցությամբ՝ կցանկանայինք Հայաստանի կառավարության կողմից տեսնել լրացուցիչ գործողություններ, ներառյալ՝ նշված երեք կետերը»,- ասաց ԵՄ առևտրի հարցերով խորհրդական Խուուս Հութուին։

GSP+ (Եվրամիության տրամադրած արտոնությունների համակարգ) մշտադիտարկման հայաստանյան առաջին առաքելության ղեկավարը նշում է՝ ցանկալի է, որ արդեն աշնանը Հայաստանի իշխանությունը հստակ գործողություններ ձեռնարկի այն որոլտներում, որոնք մատնանշված կլինեն պատվիրակության հակիրճ տեղեկանքում։ Իսկ թե ինչու է նշվել այդ ժամկետը, ԵՄ պաշտոնյան բացատրում է՝ որպեսզի դրանք ներառվեն 2018 թվականին հրապարակվելիք զեկույցում։

«Առաջին հաշվետվությունը հրապարակվել է 2016 սկզբին, և այդ ժամանակին հաջորդած շրջանը մենք անվանել են մեղրամիս։ Հիմա ասում ենք, որ մեղրամիսի շրջանն ավարտված է, սկսվում է, պայմանականորեն ասած, ամուսնության շրջանը, որի ընթացքում կողմերը պետք է երկուստեք ջանքեր ներդնեն»,- ասաց ԵՄ պաշտոնյան:

ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո Հայաստանը պետք է ՄԱԿ-ի 27 կոնվենցիաների իրագործման հարցում առաջընթաց ապահովի, ասում է Խուուս Հութուինն ու հավելում՝ ակնկալում են կառավարության համարժեք ջանքերը։ ԵՄ պաշտոնյան, իր հերթին, խոստանում է՝ այդ դեպքում Եվրամիությունն էլ կպահպանի 8,7 միլիոն եվրոյի արտոնությունները։

Առաջիկա 5 ամիսների ընթացքում կառավարության աշխատանքների մասին տեղեկությունների հիման վրա կարվեն վերջնական եզրակացություններ։ Այդ արդյունքները կքննարկվեն համապատասխան անձանց հետ, այնուհետև կներկայացվեն եվրախորհրդարան և ԵՄ նախարարների կոմիտե։

Զեկույցը լինելու է չեզոք, քննադատության տարրեր չպարունակող։ Այն պարզապես ներկայացնելու է Հայաստանի և մյուս 8 պետությունների՝ GSP+ շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG