Մատչելիության հղումներ

Դատավորը Վահան Շիրխանյանին հեռացրեց դատարանի դահլիճից


2015 թվականի աշնանը Երևանում վնասազերձված «զինված հանցախմբի» գործով նիստն այսօր հետաձգվեց: Գլխավոր մեղադրյալներից Պպաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հեռացվեց դատարանի դահլիճից:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը երկու անգամ դիտողություն անելուց հետո պնդեց, թե Շիրխանյանը, ըստ բժշկական եզրակացության, ի վիճակի է ոտքի կանգնել, բայց դա չի անում՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ:

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց, թե դատարանը փորձագետներին այդպիսի հարց չի ուղղել և չունի դրա պատասխանը, ապա պնդեց, որ իր պաշտպանյալն իրոք ի վիճակի չէ ոտքի կանգնել:

Ի դեպ, տևական ժամանակ այս նիստերը հետաձգվում էին Շիրխանյանի բացակայության պատճառով: Փաստաբանի պնդում էր, թե անազատության մեջ մնալուց հետո իր վստահորդը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Ի վերջո, նախորդ նիստին Շիրխանյանին դատարան էին ուղեկցել սալյակով, իսկ այսօր՝ աթոռով գրկած:

Ամբաստանյալներից Վահագն Սալնազարյանի փաստաբանն իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ փաստարկելով, թե նա երկու մանկահասակ երեխա ունի, որոնցից մեկն առողջական ծանր խնդիր ունի, իսկ մայրը քաղցկեղով հիվանդ է:

Մեղադրող դատախազն առարկեց՝ պնդելով, որ գտնվելով ազատության մեջ նա կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հայտարարեց, որ Սալնազարյանի միջնորդությունը մերժվում է:

Խորհրդակցական սենյակից վերադառնալիս դատավոր Բեկթաշյանը կրկին դիմեց Շիրխանյանին, թե իր զգուշացումներից հետո նա ինչո՞ւ կրկին ոտքի չկանգնեց: Շիրխանյանն անհասցե պատասխանեց՝ չի՛ հասկանում, որ չեմ կարողանում կանգնել: Բեկթաշյանը վրդովվեց, ծագած վիիճաբանությունից հետո դատավորը Շիրխանյանին 3 ժամով հեռացրեց դահլիճից և հետաձգեց դատական նիստը:

Պաշտպանության նախկին փոխնախարարը փաստաբանին հանձնարարեց իր բացակայությամբ չմասնակցել նիստերին, ինչից հետո Ալումյանը հեռացավ դատարանի դահլիճից:

Ընդմիջումից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ Հայկ Ալումյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորել: Իսկ մեղադրող դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել դահլիճը լքած Ալումյանի նկատմամբ և պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ: Միջնորդությունը բավարարվեց: Դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավվել գործում:

Մյուս ամբաստանյալների փաստաբանները սկսեցին միաձայն հակադարձել՝ պնդելով, որ դատարանն այդպիսի որոշում կայացնելու իրավունք չունի:

Փաստաբան Հովիկ Արսենյանն «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե նիստերն արհեստական են ձգձգվում․ - «Ես հիմա հասկանում եմ, որ նպատակ, միտում կարծես թե կար դատաքննությունը հետաձգելու: Նման սրացում գնաց: Առաջին հերթին պիտի ամբաստանյալնին հարցնի․․․ դատարանը չի որոշում երկրորդ պաշտպան ներգրավել, երրորդ պաշտպան ներգրավել, էն էլ՝ հանրային»:

Հիշեցնենք, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ: Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:

2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ն վնասազերծել է խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր այս խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG