Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ԵԾ խմբակցությունը լքածները մանդատը վայր չեն դնի և «բաց» կլինեն գործակցության համար


Ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամներ Մնացական Պարակշիևը (ձախից) և Հայկ Պետրոսյանը, 23-ը հունիսի, 2017 թ․
Ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամներ Մնացական Պարակշիևը (ձախից) և Հայկ Պետրոսյանը, 23-ը հունիսի, 2017 թ․

Երևանի ավագանիում «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության անվստահությանն արժանացած անդամները որոշել են դուրս գալ խմբակցությունից, սակայն մանդատները վայր չեն դնի: Մնացական Պարակշիևը լքում է նաև կուսակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին խմբակցությունից հեռացածները՝ նշելով, որ չեն ընդունում կուսակցության գործելաոճը։

«Մենք պայքարում ենք այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպիսիք են ցինիզմը, մեծամտությունը, անհանդուրժողականությունը, իրականության զգացողության իսպառ բացակայոթյունը: Շատ կարևոր է, որ մենք ինքներս չդառնանք այդպիսին, լինենք բաց բազմակարծության և առողջ քննադատության համար»,- ասաց ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը:

Լրագրողներին հատկապես հետաքրքրում էր հետևյալ հարցը՝ ի վերջո ո՞րն էր ԵԾ խմբակցության պառակտման պատճառը: Հայկ Պետրոսյանի խոսքով՝ կարող են միայն ենթադրություններ անել, իրենք առաջարկեցին նստել, քննարկել, բայց կոչերին կանայք չարձագանքեցին։

«Մեր հիմնական ենթադրությունն այն է, որ կար ոճային տարբերություն: Մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն ու հետևողականորեն, մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երևանի ծրագրի իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերներն ավել կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդել ամեն մի հարցի, որը, ըստ մեզ, արդյունավետ չէր լինի»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Արդյո՞ք գլխավոր պատճառն ավագանու վերջին նիստն էր, որի ընթացքում իրենք պասիվ էին, իսկ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանն աչքի ընկան առավել ակտիվ պահվածքով: «Ազատության» այս հարցին Մնացական Պարակշիևն այսպես արձագանքեց․ «Տարաձայնությունը կոնկրետ այդ օրը չեղավ, դրանից առաջ էլ եղել էին տարաձայնություններ: Այդ օրը եղավ գագաթնակետը: Դա գործելաոճի, մոտեցումների խնդիր էր: Իմ համոզմամբ, քաղաքապետարանում աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ խնդրին՝ նշելով, որ հաջորդ շաբաթ կուսակցությունը ասուլիսով հանդես կգա։ Սակայն կեսօրին կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ պարզաբանելով Պարակշիևին և Պետրոսյանին անվստահություն հայտնելու պատճառները: Ըստ կուսակցության հաղորդագրության՝ թեև վերջիններս պարտավորված են եղել հավատարիմ մնալ «Երկիր Ծիրանիի» ծրագրային դրույթներին, սակայն իրենց վարքով, գործունեութամբ և կայացրած որոշումներով հակառակն են ապացուցել:

Մասնավորապես, «Երկիր Ծիրանին» պնդում է, որ հունիսի 17-ին կուսակցության ընդլայնված ժողովի ընթացքում Պարակշիևը և Պետրոսյանը հանդես են եկել հայտարարությամբ, պնդելով, որ իրենց չի հետաքրքրում Կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը և սկզբունքները, իրենք չեն պատրաստվում այն կյանքի կոչել և չեն կարող թիմային աշխատանքի մասնակից լինել:

Իսկ նախապես ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտնել են, որ չեն կարող դրանք իրականացնել, քանի որ համապատասխան ժամանակ, պատրաստվածություն, փորձ և հմտություններ չունեն: Բացի այդ՝ «Երկիր Ծիրանին» պնդում է, որ Պարակշիևն ու Պետրոսյանն անգործություն են դրսևորել Երևանի ավագանու հունիսի 16-ին կայացած նիստի ժամանակ:

Ավագանու արդեն անկախ անդամները հայտարարում են՝ առայժմ չեն պատրաստվում միանալ որևէ խմբակցության կամ ստեղծել սեփական կուսակցությունը։ Կաշխատեն առանձին ու բաց կլինեն գործակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG