«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է»: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ խոսնակը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,- նշված է տարածված հաղորդագրությունում:
Շփման գծում հրադադարի վերջին խախտումների ու զոհերի առնչությամբ նախօրեին մտահոգություն էր հայտնել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Հորդորում ենք կողմերին խուսափել սրացումից և խրախուսում ենք շփման գծի ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու միջոցների անհապաղ քննարկումը», - նշված էր Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարությունում։