Մատչելիության հղումներ

Խոշորացվելիք համայնքում մարդիկ անտարբեր են գյուղապետի ընտրության նկատմամբ


Գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մաթևոսյանը 14 քվեով է Կարմրաքարի գյուղապետ վերընտրվել: Նախորդ անգամ 17 ձայն էր ստացել:

Կարմրաքար մեր այցելության պահին գյուղում չէր, բայց հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց, որ արտառոց ոչինչ չի տեսնում․ - «42 ընտրող ունեմ, ու 5 մարդ չի մասնակցել [քվեարկությանը], իսկ մնացածները գյուղից բացակայում են, արտագնա աշխատանքի են: Ընտրողների թիվը էղել է 15 մասնակից․ 15-ից մեկը անվավեր է եղել, 14-ը՝ վավեր: Սովորական նորմալ երևույթ է, ոչ մի ուրիշ բան չկա: Չեմ ունեցել 300 ընտրող, մասնակցել է 15-ը»:

Կիրակի օրը Շիրակի մարզի 3 համայնքներում գյուղապետ են ընտրել: 3-ում էլ վերընտրվել են գործող համայնքապետերը:

Կարմրաքարի գյուղապետարանի դուռը աշխատանքային օրով փակ էր: Ո՛չ ցուցանակ կար, ո՛չ էլ դրոշ: Միայն գյուղապետի աշխատասենյակի պատուհանին փակցրած գրություններից կարելի էր կռահել, որ գյուղապետարանն է:

Գյուղացիների նույնպես գրեթե չհանդիպեցինք: 82-ամյա Եփրեմ պապի տան դուռն էր բաց: Նա թեև ընտրություններին չի մասնակցել, քանի որ գյուղում հաշվառված չէ, բայց դրանց հետևել է․ - «Յանի ի՜նչ գյուղապետ, ի՜նչ բան․․․ մի աշխարհ է դառել, որ օրե՜նքը որն է, մա՜րդը որն է, ո՞վ է մարդուն մարդու տեղ դնողը, ո՞վ է հաշվի առնողը․․․»

Կարմարաքարի նախկին գյուղապետ Գագիկ Վահրադյանը 4 տարի առաջ հրաժարական էր տվել ու արտագնա աշխատանքի մեկնել: «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե նախկինում գյուղացիներն ավելի ակտիվ էին մասնակցում ընտրություններին, սակայն քանի որ գյուղը աշնանը խոշորացվող համայնքների ցանկում է ընդգրկվել, գյուղացիները անտարբեր են դարձել, համայնքի ղեկավարի ընտրությանը վերաբերվում են սոսկ որպես «հարկահավաքի ընտրության»․ - «Աստիճանաբար մեր իշխանությունները երկիրը տանում են հիասթափության վերջին կետին: Ժողովրդի համար համայքնի ղեկավար ընտրվելը, առավել ևս էս վերջին ժամանակաշրջանում, երբ իմացել են, որ համայքները միավորվելու են, դառել է անտարբեր: Մի հատ սովորական, հարկահավաքի ընտրության պես պահ է: Նույնիսկ մասնակիցները, երևի հին սովորության համաձայն, մասնակցեն գը»:

Նախկին համայանքապետը, ի դեպ, մի հետաքրքիր հանգմանք բացահատեց․ Կարմրաքարի գյուղապետի լիազորությունները դադարցվելու են սեպտեմբերին, իսկ նոյեմբերին նշանակված են խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունները: Այսինքն, եթե այլ անձ ընտրված լիներ համայնքի ղեկավար, ապա նա ընդամնեը 1.5 ամիս էր պաշտոնավարելու:

Վահրադյանը չի հասկանում «միջոցների նման անտեղի վատնումը այն պարագայում, երբ ամեն տեղ կառավարության ղեկավարը հայտարարում է գումարների տնտեսման մասին․ - «Մեկ միլիոն դրամ ծախսել ենք կոնկրետ Կարմրաքար համայնքում չորս ամիս, իրեք ամիս առաջ ընտրություն [անցկացնելու համար], որից հետո նորից ընտրություն: Էդ մեկ միլիոն դրամով կարելի էր Կարմրաքարի ջրագիծը փոխել»:

Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանից փորձեցինք ճշտել, թե ինչու Կարմրաքարում ընտրութուններ անցկացվեցին, երբ նոր համայանքապետը ընդամնեը 1.5 ամիս է պաշտոնավարելու: Անտոնյանի պատասխանը․ - «Ընտրություններ նշանակելիս դեռևս խոշորացման վերաբերյալ հստակ որոշում չկար, Ազգային ժողովի կողմից դեռևս օրենքը ընդունված չէր: Պարտավոր էինք ընտրություններ նշանակել, քանի որ հնարավոր է, Ազգային ժողովում այլ ընթացք ստանար օրենքի քննարկումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG