Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն այլևս ֆրանսիայի առաջնահերթ պահանջը չէ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Ես չեմ պահանջել, որպեսզի Բաշար Ասադի հրաժարականը հանդիսանա նախնական պայման, քանի որ ոչ ոք ինձ չի ներկայացրել նրա հնարավոր օրինական ժառանգորդին»,- հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիան, այսպիսով, փոխում է իր դիրքորոշումը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում: Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման ժամանակ ֆրանսիացի դիվանագետները բազմիցս են պահանջել Ասադի անհապաղ հրաժարականը՝ դա համարելով արդեն վեցերորդ տարին պատերազմող Սիրիայում խաղաղության վերականգնման գլխավոր նախապայմանը:
«Ես խորապես համոզված եմ, որ պետք է մշակել դիվանագիտական և քաղաքական ճանապարհային քարտեզ»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ֆրանսիայի ներկայիս նախագահը, շարունակելով․ «ահաբեկչական խմբավորումների դեմ վճռական պայքար, այդ նրանք են մեր թշնամիները: Որպեսզի մենք նրանց ոչնչացնենք, անհրաժեշտ է համագործակցություն, մասնավորապես, Ռուսաստանի հետ»:
Դեռևս մի քանի ամիս առաջ պաշտոնական Փարիզը Ռուսաստանին մեղադրում էր պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ռեժիմին աջակցելու մեջ, հիշեցնում է France-Presse գործակալությունը: Այդուհանդերձ, Ելիսեյան պալատի ղեկավարը կրկնել է «կարմիր գծի» մասին իր պնդումը, որի մասին խոսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը․ «Եթե սիրիական ռեժիմը կամ այլոք քիմիական զենք կիրառեն, Ֆրանսիան պատրաստ է դրան պատասխանել իր օդուժի միջոցով»: