Ռուսաստանի բարձրաստիճան չինովնիկներն այսուհետ պարտավոր չեն լինելու հրապարակել իրենց եկամուտները: Երեկ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, ըստ որի, բարձրագույն պաշտոնյաներն իրենց անձնական տվյալները ներկայացնելու են միայն Պահպանության դաշնային ծառայությանը, ինչը նշանակում է, որ շարքային ռուսաստանցիներն այևս այդ տվյալներին ծանոթանալու հնարավորություն չեն ունենա: Օրինագծին կողմ է քվեարկել 307 պատգամավոր, դեմ՝ միայն 36-ը՝ բոլորն էլ Կոմկուսի խմբակցությունից:
Ըստ Transparency International կազմակերպության փորձագետների, այս օրենքի գործարկումից հետո բոլոր հրապարակային աղբյուրներից կհանվեն տեղեկությունները երկրի նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի ղեկավարի, խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Սահմանադրական դատարանի նախագահի և նրանց մերձավորների եկամուտների մասին տեղեկությունները։ Ուշագրավ է այն, որ պաշտոնյաների բուն ցանկը ևս գաղտնիացված է՝ հստակ չէ, թե ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից և հոգևոր առաջնորդներից հատկապես ովքեր են ընդգրկված դրանում:
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար՝ իշխող «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Վասիլի Պիսկարևն, այդուամենայնիվ, հայտարարել է, թե այս օրինագիծը չի վերաբերում հարստության մասին տեղեկություններին, և բարձրաստիճան պաշտոնյաները նախկինի պես հրապարակելու են իրենց եկամուտների մասին տեղեկությունները:
Այս օրինագիծը փետրվարին առաջարկվել էր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ուշագրավ է, որ այն ընդունվեց երկրում թափ առնող հակակոռուպցիոն բողոքի ալիքի ֆոնին, որի նախաձեռնողն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին է։
Ռուսաստանցի հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Մինկինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքէջի իր բլոգում գրել է․ «Շնորհավորում եմ, Դուման վերջնականապես ընդունեց մի օրենք, որով ամենամեծ չինովնիկների հարստությունը գաղտնի է լինելու»: «Եթե ամեն ինչ օրինական է, ինչո՞ւ թաքցնել»,- հարց է հնչեցրել Մինկինը: