Մատչելիության հղումներ

Հայաստանցի վեց փախստականների մուտքը Նորվեգիա զարմացրել է տեղի իշխանություններին


Նորվեգիա - Ստորսկոգի անցակետը Ռուսաստանի հետ սահմանին, արխիվ
Նորվեգիա - Ստորսկոգի անցակետը Ռուսաստանի հետ սահմանին, արխիվ

Նորվեգիայում հայաստանցի վեց փախստականներ են հայտնվել, որոնց մուտքը սկանդինավյան այդ երկիր զարմացրել է տեղի իշխանություններին: Նրանք մեքենայով Նորվեգիա են մտել Նորվեգիայի և Ռուսաստանի միջև հյուսիսային ամենահեռավոր ճանապարհով:

Նորվեգացի պաշտոնյաները հարցում են ուղարկել ռուսաստանցի գործընկերներին, թե ինչպես են հայերը հատել Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը, այն դեպքում, երբ Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանը պաշտպանելու փոխադարձ համաձայնագիր կա, ըստ որի՝ առանց պատշաճ փաստաթղթերի չի թույլատրվում անցնել սահմանը:

Նորվեգական կողմից սահմանային անցակետ Ստորսկոգի ոստիկանապետ Էլեն Կատրին Հետտան Associated Press-ին ասել է, որ փախստական հայաստանցիները Նորվեգիա են մտել երեքշաբթի օրը: Անունները չեն նշվում, բայց հայտնի է, որ նրանց թվում առնվազն մեկ երեխա կա․ ոստիկանապետն ասել է, որ Նորվեգիա մտած վեց հայերը 4 տարեկանից մինչև 58 տարեկան են: Պարզ չէ՝ արդյոք նրանք մեկ ընտանիք են, դեռևս նրանց ինքնությունը մանրամասնող լուրեր չկան:

Նորվեգական Ստորսկոգին ռուսական կողմից ամենամոտ բնակավայրը Կարելիայի հյուսիսում գտնվող Զապոլյարնի ավանն է: Ըստ Google-ի քարտեզի՝ դրանց միջև ճանապարհի երկարությունը շուրջ 70 կիլոմետր է, որը մեքենայով կարելի է անցնել մոտավորապես մեկ ժամում: Մինչ սահմանը՝ ռուսական կողմում սահմանային անցակետ ու մաքսակետ կա:

Ստորսկոգի ոստիկանապետն ասել է, որ Ռուսաստանի իշխանություններին հարցում է ուղարկվել, թե ինչու են նրանք թույլատրել փախստական հայերին անցնել սահմանը առանց համապատասխան վիզաների:

Associated Press-ը նշում է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին անգամն է, որ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: Մինչ այդ Սիրիայից և Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականներ Ռուսաստանի տարածքով աներևակայելի ճանապարհներ էին գտնում Եվրոպա հասնելու համար: Հեռավոր հյուսիսային անցակետերը նրանք հատում էին հեծանիվներով, քանի որ այնտեղ հետիոտներին արգելվում է անցնել սահմանը: Այդ ժամանակ ռուսական կողմում հեծանիվների գինը բավականին բարձրացել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG