Մատչելիության հղումներ

Վաղը Մարզահամերգային համալիրում մեր հանդիսատեսին կներկայացվի «Ամեն» խորագրով երաժշտական դրամատիկ-էպիկական շոուն, որին մասնակցում են մեր լավագույն օպերային երգիչները, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, «Նարեկ» պարային համույթը, էստրադային և ջազ երաժիշտներից բաղկացած նվագախումբը, ազգագրական խմբեր և այլն:

Ներկայացման ստեղծագործական կազմը ներկայացմանն ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր, որ մեծ հաճույքով են աշխատել և հույս հայտնում, որ ներկայացումը շատ մեծ տպավորություն կթողնի թե՛ հայ, թե՛ արտասահմանցի հանդիսատեսի վրա:

Նախաքրիստոնեական ժամանակներից մինչև մեր օրերը հայ ժողովրդի պատմությունը ներակայացնող այս բեմադրության կոմպոզիտորը Արաքսյա Մուշեղյանն է: Նա շեշտում էր, որ գործընկերուհու՝ Հասմիկ Չախմախչյանի հետ նախաձեռնելով իրականացնել, բեմադրել նման ծավալի գործ, հավատացած էին, որ շատ աջակիցներ կունենան, քանի որ գործն ամբողջությամբ ներկայացնում է հայ ժողովրդին, հայ մարդուն, նրա դավանած արժեքները, սիրելու, ստեղծագործելու նրա կարողությունը՝ չնայած կորուստներին և ողբերգական փորձություններին․ - «Այս առաջին հայացքից խենթ նախագիծը մենք սկսեցինք, և մեր կողքին հայտնվեցին մարդիկ, որոնք մեր խենթությունը կիսեցին»:

Ահա նրանց անունները․ լիբրետտոյի հեղինակ Էդուարդ Այանյան, բեմադրող խորեոգրաֆ Գրիգոր Խաչատրյան, օպերային անվանի մենակատարներ Բարսեղ Թումանյան, Հասմիկ Թորոսյան, Ջուլիետ Գալստյան և ուրիշներ:

««Ամեն»-ը մի քիչ օպերա է, մի քիչ բալետի տարրեր ունի, ժամանակակից շոուի տարրեր, և այդ ամենը մենք փորձել ենք հարմոնիկ համատեղել», - ասաց Էդուարդ Այանյանը: - «Իսկ ինչ վերաբերում է բովանդակությունը՝ մեր մասին է: Հասկացանք, որ ուզում ենք խուսափել որոշ կոնկրետ բաներից և կենտրոնանալ մեր էության վրա, հայ ժողովրդի էության վրա: Մենք ո՞վ ենք, մենք ինչպիսի՞ն ենք: Մեր հոգեվիճակի վրա փորձեցինք կենտրոնանալ և պատմել ոչ թե պատմական կոնկրետ իրադարձությունների կամ պատմական կոնկրետ պերսոնաժների մասին, այլ որպես պերսոնաժ դիտում էինք հենց մեզ՝ հայ ժողովրդին: Եվ փորձեցինք հասկանալ, թե որն է այն առանցքը, այն ամենակարևորը, որ օգնում է մեզ գոյատևել, վերածնվել և ստեղծագործել: Դուք չեք տեսնի էնտեղ արքաներ, ծովից ծով հայաստաններ»:

«Ինքը տարբեր ժանրերի միքս ա՝ դասական երաժշտություն կա մեջը, և ինչ-որ տեղ ռոք կա, ր ինչ-որ տեղ փոփ կա, և ժողովրդական երաժշտության հիանալի կտորներ կան: Շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, գունեղ է: Ես սիրով եմ անում», - նշեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը:

Օպերային մեր լավագույն մեներգիչներից Բարսեղ Թումանյանը հավելեց․ - «Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ազգային ինքնաճանաչողության խնդիրն է դրվում: Եվ դրվում է մի շարժում, որը կունենա շարունակություն, պարտադիր կունենա, որովհետև այս ամենի կարիքը մենք վաղուց ունեցել ենք: Մարդը կարողանում է ինքնուրույն արտահայտվել միայն այն ժամանակ, երբ որ կարողանում է ճանաչել ինքն իրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG