Գերմանական Բունդեսթագը երեկ հավանություն է տվել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու մասին որոշմանը: Առաջարկին կողմ են քվեարկել 569 պատգամավորներից 461-ը:
Գերմանացի զինվորականների դուրսբերման պատճառ է դարձել պաշտոնական Անկարայի կողմից Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների ավիաբազա այցելելու արգելքը:
Անկարայի և Բեռլինի միջև լարվածության պատճառներից են Թուրքիայից ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո փախուստի դիմած մի խումբ բարձրաստիճան զինվորականների՝ Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալը, մինչ այդ էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի ընդունած բանաձևը:
2015 թվականից Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայել է վեց «Տորնադո» տիպի հետախուզական ինքնաթիռներ, մեկ լիցքավորող օդանավ և 260-հոգանոց անձնակազմ:
Գերմանական զորախումբն ընդգրկված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ ապահովելով ավիահետախուզությունը և կատարելով նյութատեխնիկական մատակարարումներ: