Մատչելիության հղումներ

«Ոտքի Հայաստան»-ի ակտիվիստն ազատ արձակվեց, նախաձեռնության մյուս անդամ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է դիմել ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը։

Մոտ մեկ տարի առաջ կալանավորված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ընդդիմադիր գործիչը, սակայն, շարունակում է մեղադրվել անցյալ տարի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։

Կալանավայրից դուրս գալուց հետո «Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է, և ինքը շարունակելու է պայքարը՝ գաղափարակից ընկերների ազատմանը ևս հասնելու համար։ «Միանշանակ պետք է աջակցել այդ մարդկանց, որովհետև իրենք անհիմն են զրկված ազատությունից։ Դա որևէ նորմալ, զարգացած երկրում թույլատրելի չի կարող լինել: Նման բան երևի տեսնում ենք միայն Ադրբեջանում, Թուրքիայում: Դա աբսուրդ է, ամոթ է»,- ասաց կալանքից ազատված ակտիվիստը:

Հովհաննիսյանի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ։ Ըստ մեղադրանքի, «Ոտքի Հայաստան»-ի անդամը քարերով հարվածել է ոստիկաններին։ «Իմ դաստիարակությունն ու սկզբունքներն ինձ թույլ չեն տա քարով խփել ոստիկանին: Այնտեղ ամեն ինչ սկսվել է հենց ոստիկանության կողմից, նրանց հետ կապված մարդկանց սադրանքներից: Ժողովրդի կողմից որևէ բան չի եղել, մարդիկ եկել էին կանանց, երեխաների հետ, հանգիստ կանգնած էին, ուղղակի կոչեր էին հնչեցնում»,- մեղադրանքի առնչությամբ ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Ի տարբերություն Հովհաննիսյանի, մոտ մեկ տարի առաջ կալանավորված՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ՝ ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Վերաքննիչ դատարանն այսօր արդեն 5-րդ անգամ մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, մինչդեռ, 2 ժամ շարունակ դատարանին ներկայացրել է ընդդիմադիր գործչին առաջադրված մեղադրանքի «շինծու լինելու» հիմնավորումները։

Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ ավարտվել է: Օրեր առաջ, սակայն, քննիչները հասցրեցին խստացնել ընդդիմադիր գործչին առաջադրված մեղադրանքները, պնդելով, թե նա մտադրություն է ունեցել մուտք գործել ՊՊԾ գնդի գրավված տարածք:

Նոր մեղադրանքներով Ղուկասյանին ավելի քան 10 տարվա ազատազրկում է սպառնում: Անցյալ տարվա հուլիսին նրա հետ բողոքի ակցիաների մասնակցած Դավիթ Հովհաննիսյանի պնդմամբ՝ այդ մեղադրանքներն անհիմն են․ «Բացարձակ սուտ է, նման բան չկա»:

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է դիմել ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը։ Դատախազին ուղղած նամակում «Ելք»-ը նշում է, որ մեկ շաբաթ առաջ խմբակցության պատգամավորները հանդիպել են Ղուկասյանի հետ ու հավաստիացել, որ նա նախաքննության ընթացքին խոչընդոտելու, նախաքննությունից կամ դատաքննությունից խուսափելու որևէ մտադրություն չունի։

Ընդդիմադիր պատգամավորները նշում են նաև, որ պատրաստ են անձնական երաշխավորություն տալ և վճարել անհրաժեշտ գումարը, երաշխավորելով Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականությունների կատարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG