Մատչելիության հղումներ

Մոսկվայի պնդմամբ, ռուսական կործանիչը ՆԱՏՕ-ի ինքնաթիռին ստիպել է հեռանալ Շոյգուին տեղափոխող օդանավից


Սերգեյ Շոյգու, արխիվ
Սերգեյ Շոյգու, արխիվ

Մոսկվան հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական F-16 ինքնաթիռը Բալթիկայի օդային չեզոք տարածքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին, որից հետո ռուսական СУ-27 կործանիչը ՆԱՏՕ-ի ինքնաթռին ստիպել է հեռանալ: Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ Շոյգուն ուղևորվում էր Կալինինգրադ:

Այնտեղ անցկացված՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Շոյգուն անդրադարձել է Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման հետ կապված հարցերին: «Մեր արևմտյան սահմաններին ստեղծվող իրավիճակը վատթարանալու միտումներ ունի: Դա կապված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճի հետ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Կալինինգրադում կայացած նիստի գլխավոր օրակարգային հարցը Ռուսաստանի արևմտյան ռազմական օկրուգի ամրապնդումն էր: Սերգեյ Շոյգուն ասել է, որ մինչև 2017-ի վերջն արևմտյան օկրուգում երկու տասնյակ նոր զորամիավորումներ կստեղծվեն: Նրա խոսքով՝ այս պահին արևմտյան օկրուգում երեք տասնյակ գումարտակներ և տակտիկական խմբեր պատրաստ են ռազմական գործողությունների իրականացմանը: Շոյգուի խոսքով, վերջին 6 ամիսների ընթացքում արևմտյան օկրուգը համալրվել է 300 միավոր ռազմական տեխնիկայով:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է Կալինինգրադի մարզում հրթիռային համակարգեր տեղակայելու մտադրության մասին, պատճառաբանելով, որ դա իր պատասխանն է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և նպատակ ունի ուժեղացնել երկրի արևմտյան սահմանների պաշտպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG