Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Արցախը Եվրոպայի մաս է»


Արմեն Աշոտյան, արխիվ
Արմեն Աշոտյան, արխիվ

«Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ այսօր ընդունելով Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Բրյուսելի գագաթնաժողովում նախատեսված Հայաստան-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին և շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:

Հիշեցնենք՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է երկու ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG