Մատչելիության հղումներ

Վրաստանի պատրիարքը կոչ է անում մտածել միապետությունը վերականգնելու մասին


Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը քաղաքական իրարանցում է առաջացրել երկրում: Իլյա երկրորդը կիրակնօրյա հոգևոր արարողության ժամանակ քաղաքացիներին կոչ է արել մտածել միապետությունը վերականգնելու մասին: «Վրաստանը աշխարհի միապետական հինավուրց երկրներից մեկն է, և այդ պետական կառավարման համակարգը երկրին խաղաղություն կբերի», - ասել է Իլյա երկրորդը, ով Վրաստանում շատ մեծ հեղինակություն ունի:

Նրա առաջարկը քաղաքական դաշտի բոլոր կողմերի, փորձագետների մեկնաբանությունների ալիքներ է առաջացրել:

Վրաստանի ղեկավարը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե ճիշտ չէ պատրիարքի առաջարկը սահմանադրական փոփոխությունների ընթացիկ աշխատանքների հետ կապելը, ինչը անում են ընդդիմադիր ուժերը: Վարչապետն ասել է, թե պատրիարքի հայտարարությանը մեծագույն հարգանքով են վերաբերվում, բայց այսօր դա չի քննարկվում: Միաժամանակ, Կվիրիկաշվիլին ասել է, որ դա հետաքրքիր առաջարկ է, և ինքը կարծում է՝ լայն հանրության մասնակցությամբ քննարկումները դրական կլինեն:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, խորհրդարանում մեծամասնության՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորները հարգանքով են վերաբերվում պատրիարքի դիրքորոշմանը, նշելով, որ ապագայում ոչինչ չի բացառվում:

«Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ իշխանությունը պարուրված է խավարով: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարման համակարգը կարելի է կոչել «խավարամիտ-ժողովրդավարական» կառավարում:

«Եթե խորհրդարանի մեծամասնության առաջնորդներն ասում են, թե միապետության վերականգնումը, թագավորին վերադարձնելը լավ գաղափար է, ու քննարկում են այդ հարցը, նշանակում է՝ իշխանությունում մարդիկ կան, որոնք երկիրն առաջ չեն տանի: Երկրում ողբալի վիճակ է ստեղծվել, իշխանությունը հետամնաց է, և նրանց գաղափարները վտանգավոր են: Միապետության վերականգնումը նշանակում է նաև ազնվականության վերականգնում, այդ ժամանակ հողը պետք է բաժանել ազնվականներին: Իսկ հետո գյուղացիները ապստամբություն կանեն, և Վրաստանը պատմության մեջ կմնա որպես մի երկիր, որտեղ վերականգնեցին թագավորին ու մեկ ամիս անց տապալեցին: Գոնե դրանով մենք հայտնի կդառնանք», - հեգնել է Գոցիրիձեն՝ հիշեցնելով իրենց տոհմի ազնվական լինելը․ - «Ինձ ինչ՝ Գոցիրիձեները Ռաչիի ազնվականներից են, մենք տասը գյուղ ունեինք ու 200 ճորտ»:

Սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն ասել է, որ դեմ է միապետության վերականգնմանը, որովհետև այն հարցեր կառաջացնի, թե ով պետք է ղեկավարի երկիրը: Սահմանադրական միապետությունը ենթադրում է թագավորի սահմանափակ իշխանություն, պետական կառավարման գործում նա բարձրագույն լիազորություն չի ունենա:

Իսկ քաղաքագետ Գիա Խուխաշվիլին ասել է, թե առաջին անգամը չէ, որ պատրիարքի խոսքերը Վրաստանի քաղաքական էլիտան ճիշտ չի ընկալում, բառացի են հասկանում ու սկսում են լուրջ քննարկել: Նրա կարծիքով՝ պատրիարքը խոսել է երկրում կայունություն հաստատելու անհրաժեշտության մասին: «Այս ամենը շատ անլուրջ է: Սա տրագիկոմեդիա է, ուրիշ ոչինչ», - հայտարարել է Խուխաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG