Անցած շաբաթ օրը՝ հունիսի 18-ին, ամերիկացիները Սիրիայի օդային տարածքում վայր են գցել նախագահ Բաշար ալ-Ասադի զինված ուժերի ռազմական ինքնաթիռը: Ասադի հովանավոր ռուսները խիստ վրդովվել և հայտարարել են, թե անջատում են ամերիկացիների հետ «թեժ գիծը»՝ հատուկ հաղորդակցության միջոցը, որը երկու երկրների զինվորականները հաստատել են Սիրիայում պատահմամբ միմյանց չվնասելու և ամբողջ աշխարհի համար ծանր հետևանքներով հղի միջադեպերը կանխելու համար: Ամերիկացիները պնդում են, որ «թեժ գիծը» պետք է անպայման աշխատի:
Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ասել է, որ անհրաժեշտ է թուլացնել այդ լարվածությունը, քանի որ «թեժ գիծը» Սիրիայում երկու կողմին էլ պետք է:
Գեներալի փոխանցմամբ, պատահական բախումների հավանականությունն աճում է, երբ երկու երկիր՝ միմյանցից անկախ, ռազմական գործողություններ են վարում մի խիտ տարածքում: Նա որոշ մանրամասներ է հայտնել կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի մասին:
«Միջադեպին նախորդել է իշխանամետ ստորաբաժանումների տեղաշարժը: «Սու» տեսակի օդանավը ներխուժել է այդ շրջան, մենք ամեն ինչ արել ենք, որ նրանք մոտ չգան, ապա [օդանավը ոչնչացրած] հրամանատարը հանգել է այն եզրակացության, որ «Սու»-ն սպառնում է մեր կողմից աջակցություն ստացող ուժերին և գործողության է դիմել: Սիրիայում իշխանամետ ուժերի դեմ մեր անցկացրած բոլոր գործողություններում, իսկ դա երկու անգամ է պատահել, մենք առաջնորդվել ենք ինքնապաշտպանության սկզբունքով, այդ մասին պատշաճ եղանակով ենք հայտնել», - ասել է գեներալը:
Ամերիկացիները միջադեպից հետո կապվել են ռուսների հետ և տեղեկացրել են «Սու-22» տեսակի սիրիական օդանավը վայր գցելու մասին: Բայց ռուսները շատ են սրտնեղել տեղի ունեցածից, քանի որ ամբողջ աշխարհին փորձում են ապացուցել, որ հիմա իրենք են Սիրիայի հարցում գլխավոր դերակատարը:
Երեկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է գործողությունները համակարգելու անհրաժեշտության մասին:
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք Սիրիայում ունեն ուժեր կամ խորհրդականներ, համակարգել մեր աշխատանքը: Ապառազմականացման գոտիներն ընձեռում են այդ հնարավորությունը: Մենք բոլորին կոչ ենք անում զերծ մնալ միակողմանի գործողություններից և հարգել՝ կրկնում եմ, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միանալ մեր համատեղ աշխատանքին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության հետ»,- ասել է նախարարը:
Անցած երկու օրվա ընթացքում Մոսկվայում շատ խիստ գնահատականներ են հնչեցրել, նույնիսկ սպառնացել են հետայսու վայր գցել ցանկացած ոչ սիրիական և ոչ ռուսական օդանավ, ակնհայտ է, որ դա հասցեագրված էր ամերիկացիներին:
Մինչդեռ, գեներալ Դանֆորդը պնդում է, որ ծայրահեղությունների մեջ ընկնելու փոխարեն հարկ է դիվանագիտական եղանակով մեղմել կացությունը:
«Միջադեպ է տեղի ունեցել, պետք է աշխատենք, մենք ունենք կապի խողովակ, որը տալիս է այդ հնարավորությունը: Թերևս առաջիկա ժամերին կպահանջվի զինվորականների և դիվանագետների միջամտություն «թեժ գիծը» վերականգնելու համար: Կրկնում եմ, «թեժ գծի» աշխատանքը բխում է բոլորիս շահերից և թույլ է տալիս պայքարել «Իսլամական պետության», կամ՝ ինչպես իշխանամետ ուժերն են ասում, մեր ընդհանուր թշնամու դեմ», - ասել է գեներալը: