Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «հավանաբար» քայլեր են ձեռնարկվում․ Բարսամյան


 Էնթոնի Բարսամյան, Երևան, 20-ը հունիսի, 2017 թ․
Էնթոնի Բարսամյան, Երևան, 20-ը հունիսի, 2017 թ․

«Ամերիկայի հայկական համագումարի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները հավանաբար դիվանագիտական որոշակի քայլեր է ձեռնարկում, սակայն այս պահին «ճեղքում» չկա: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ամերիկայի հայկական համագումարի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:

ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կառույցներից մեկի ղեկավարն այս օրերին Երևանում է: Նա հանդիպումներ է ունեցել նաև երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: «Հավանաբար, ընթացքի մեջ են դիվանագիտական որոշակի քայլեր և քննարկումներ՝ [Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ]: Սակայն, այս պահին որևէ ճեղքում չկա: Այսօր մի հոդված կարդացի, որի հեղինակը՝ Թուրքիայի նախկին դիվանագետներից մեկը կոչ է անում Անկարային՝ ավելի լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- ասաց Բարսամյանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առանցքային միջնորդներից է: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա էր, երբ 2009 թ․ հոկտեմբերին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին նախնական արձանագրությունները:

Շուտով կլրանա 8-րդ տարին, սակայն այդ արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին: 2010-ի փետրվարին նախագահ Սարգսյանը վավերացման նպատակով այն ուղարկել էր Ազգային ժողով: Սակայն այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել, արձանագրությունների վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցից 2 օր առաջ՝ 2010-ի ապրիլի 22-ին Հայաստանի իշխանությունները որոշեցին առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը: 2015 թվականին էլ, նախագահ Սարգսյանի հրամանագրով, այդ արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչվեցին:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին առաջարկել է զգալիորեն կրճատել հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը: Օրինակ՝ գալիք 2018 թ․ ֆինանսական տարում, որը մեկնարկելու է առաջիկա հոկտեմբերի 1-ից, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է 67 տոկոսով պակաս լինել նախորդ տարի հատկացվածից:

Թրամփի վարչակազմի առաջարկը դեռ պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը, և, Էնթոնի Բարսամյանի խոսքով՝ իրենք այժմ աշխատում են ամերիկյան օրենսդիր մարմնի հետ՝ Հայաստանին հատկացվելիք օգնության նախկին չափը վերականգնելու համար: «Նպատակ ենք դրել Կոնգրեսում հասնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության մեծացմանը: Անցած շաբաթ հանդիպումներ ունեցանք Կոնգրեսում, Սպիտակ տանը: Սա այն հարցն է, որի շուրջ մենք այժմ աշխատում ենք՝ վերականգնելու Հայաստանին հատկացվող ֆինանսավորման մակարդակը»,- ասաց ԱՀՀ համանախագահը:

Անցած ամիս Երևանում կայացած հայ-ամերիկյան գործարար համաժողովին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչրադ Միլզը հայտարարեց, որ ամերիկյան ընկերությունները հնարավորություն ունեն մինչև 8 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս առնչությամբ, Էնթոնի Բարսամյանը նշեց․

«Կարծում եմ, նման ներդրումը կօգնի զարգացնել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքը: Երբ մենք հայացք ենք նետում այսօրվա աշխարհին, հասկանում ենք, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր ենթակառուցվածքները, որպեսզի հավասարակշռի շահերը, միտումները, ճանապարհները և վստահ լինի, որ ապահովել է իր անվտանգությունը, որովհետեև ինչ-որ մի պահի այս ուղղություններից մեկը կարող է փակվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG