Մատչելիության հղումներ

Լոռեցի գործարարը համոզված է՝ «առանց լուրջ փոփոխությունների, տուրիզմի զարգացման ծրագրերը կմնան թղթի վրա»


Գյուլագարակցի Խաչիկ Թորոսյանը դեռ տարիներ առաջ է լսել, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարված: Հավատացել է, վարկեր վերցրել և գերակա ուղղության մասին հայտարարողների աջակցությանն սպասելով՝ ներդրումներ արել։ Այսօր զարգացման այդ ուղղության մասին բոլորովին այլ կարծիք ունի․ «Ոչինչ չեն անում, բայց ուզում են ցույց տան, որ ինչ-որ բան արվում ա, որ գոնե մենք հավատանք, ինչ-որ մի բան անենք»։

Թորոսյանը տարիներ առաջ հանգստի գոտի է ստեղծել հայտնի Դենդրոպարկի այցելուների համար։ Ասում է՝ տուրիզմի զարգացման ծրագրերում, սակայն, Դենդրոպարկի քարուքանդ ճանապարհն ու իր հիմնած հանգստի գոտին տեղ չեն գտել։ «Ամեն մի մարզպետարան, քաղաքապետարան, կիսագյուղապետարան, բոլորի մոտ էլ գրված ա՝ տուրիզմի զարգացում։ Որևէ մեկն ի՞նչ ա արել, որ տուրիզմը զարգանա։ Հասարակ բան. Էս գյուղի բյուջեի մեջ գրված ա՝ տուրիզմի զարգացման համար էսինչ բաները։ Մեջը բան չկա, օդ ա մենակ»,- ասում է Խաչիկ Թորոսյանը։

Լոռու մարզպետարանում մշակված զբոսաշրջության զարգացման հայեցակարգով նախատեսել են, որ առաջիկա 8 տարիներին մարզում աղքատությունն ու գործազրկությունը կիսով չափ նվազեցնելու են։ Այսօր պաշտոնական տվյալներով մարզում աղքատության մակարդակը 26 տոկոսի է հասնում, գործազրկությունը՝ մոտ 16 տոկոս է։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Ազատությանն» ասաց, թե մշակել են տնտեսության զարգացման ուղղություններն ու եզրակացրել՝ «Մարզն ունի տուրիզմի զարգացման փայլուն հեռանկարներ, որովհետև մենք ունենք փայլուն բնություն, պատմամշակութային հարուստ արժեքներ»։

Մարզպետը հավելում է․ «Երբ ես դեռ Ալավերդու քաղաքապետն էի և խոսում էի տուրիզմի զարգացման մասին, որոշ մարդիկ թերահավատ էին՝ արդյունաբերական կենտրոնում ի՞նչ տուրիզմի զարգացում է սպասվում: Այսօր արդեն Հաղպատ համայնքում մենք ունենք երկու հյուրանոց և մի քանի հյուրատներ»։

Մարզպետարանի տեղեկություններով, Լոռի այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է։ Դրանով հանդերձ՝ Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն ընդունում է՝ Լոռի այցելողներին գոնե մի քանի օր մարզում պահելու խնդիր կա, որպեսզի տուրիզմը նպաստի մարզի տնտեսության զարգացմանը։

Ծրագրերում ամրագրել են. թանգարաններ ու զբոսաշրջության կենտրոններ կկառուցեն, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ կստեղծեն։ «Պետության կողմից ենթակառուցվածքներն են բարելավվում, իսկ մասնավոր սեկտորին արդեն ի՞նչ է անհրաժեշտ՝ ընդամենը ներդրումներ կատարել և բիզնեսը ճիշտ կառավարել»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան։

Զբոսաշրջիկների նախասիրություններն ու ցանկություններն արդեն հրաշալի իմացող Խաչիկ Թորոսյանը, ով նախկինում նաև պաշտոններ է զբաղեցրել, համոզված է՝ տուրիզմը զարգացնելու համար ընտրված մոտեցումները սխալ են։ «Տուրիզմի զարգացման համար էնքան կարևորագույն բաներ կան։ Նախ հարկային բեռը թեթևացնել, հարկերից ազատել․․․»,- նկատում է նա:

Խաչիկ Թորոսյանն այժմ իր ընտանիքի հետ երկհարկանի շքեղ առանձնատանն է բնակվում։ Գրեթե երեսուն տարի զբոսաշրջային բիզնեսով զբաղվող գյուլագարակցին դա մեծ ձեռքբերում չի համարում։ «Իմ բիզնեսը ինձ բավարարում ա, որ իմ ընտանիքն ապրի ինչ-որ մի ձևով։ Բայց եթե վարկով ես ապրում, ուրեմն դա բիզնես չի։ Հա, շատ էլ տուն եմ ուզում սարքեմ, շատ էլ՝ մեքենա ունեմ։ Բայց չէ՞ որ աշխատող ընտանիքի բոլոր անդամներն արժանի էին 18 մեքենա, 8 պալատ ունենալու։ Աշխատում ենք, աշխատում, տակը ոչ մի բան չի մնում»,- ասում է գյուլագարակցի գործարարը:

Նրա եզրահանգմամբ՝ բոլոր ծրագրերն ու ռազմավարությունները, որոնց վրա մեծ ռեսուրսներ են ծախսվում, «այդպես էլ կմնան թղթի վրա, եթե լուրջ փոփոխություններ չարվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG