Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վարույթ է ընդունել Մուխթարլիի առևանգման գործը


Ադրբեջան - Աֆղան Մուխթարլին Բաքվի դատարանում, 16-ը հունիսի, 2017թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման գործը: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքը` հավելելով նաև, որ դատարանն այս գործով արդեն իսկ պաշտոնական հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ մի շարք հարցերի հստակ պատասխաններ պահանջելով:

Վրաստանի տարածքում Մուխթարլիի շահերը ներկայացնող փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին Rustavi 2 հեռուստաընկերության եթերում նշում էր, որ Եվրոպական դատարանի ակտիվ քայլերը կարող են էականորեն ազդել Աֆղան Մուխթարլիի ճակատագրի վրա:

«Ադրբեջանական բանտում Աֆղան Մուխթարլիի կյանքն ու առողջությունը վտանգված են: Հենց դա է պատճառը, որ մենք դիմեցինք Ստրասբուրգի դատարան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հիմնված կլինեն այն պատասխանների վրա, որ նրանց կուղարկի պաշտոնական Բաքուն», - նշում էր թբիլիսցի փաստաբանը՝ հույս հայտնելով, որ Եվրադատարանը կպարտադրի ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր լրագրողին:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում էլ Չոփիկաշվիլին այսօր նշել է, որ անվտանգության տեսախցիկների` Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեսագրությունները, որոնցում պատկերված է Թբիլիսիի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել Մուխթարլիի առևանգումը, մոնտաժված են:

«Տեսագրությունը որոշակի կասկածներ է հարուցում, քանի որ ակնհայտ է, որ դրա հետ նախապես աշխատել են: Տեսագրության մի հատվածում արևոտ եղանակ է, քիչ անց անձրև է տեղում: Մեկ ակնթարթում փոխվում է մերձակա տարածքի պատկերը, մեքենաների կայանման հաջորդականությունը», - պնդում է փաստաբանը:

Վրաստանում Մուխթարլիի գործը շարունակում է մնալ քաղաքական ուժերի, լրատվամիջոցների և իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Դա է պատճառը, որ պարբերաբար խնդրին ստիպված են լինում անդրադառնալ Վրաստանի բարձրագույն ղեկավարները:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ադրբեջանցի լրագրողի առևանգման մասին հերթական անգամ խոսեց երկուշաբթի օրը:

«Լրագրող Մուխթարլիի գործող հապճեպ եզրակացություններ անելու կարիք չկա: Նախաքննությունը շարունակվում է, և մենք պետք է պարզապես սպասենք, որ պետական մարմինները ավարտին հասցնեն իրենց գործը: Վաղաժամ պնդումներ անել, թե ինչ տեսագրություններ կամ ինչ իրեղեն ապացույցներ են առկա նախաքննության նյութերում, ճիշտ չէ», - պնդում էր Կվիրիկաշվիլին:

Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում է Մուխթարլիի առևանգման գործում վրացական ոստիկանության ներգրավվածության հավանականությունը: «Նախաքննության նյութերում առկա տեսագրություններից որևէ մեկում ոստիկանի համազգեստով որևէ մարդ չկա», - հայտարարում էր Մգեբրիշվիլին Prime Time կայքին տված հարցազրույցում:

Դատելով, սակայն, Թբիլիսիում հնչող գնահատականներից` Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությունները քաղաքական դաշտի զգալի մասին համոզիչ չեն թվում: Սա է պատճառը, որ վրացական ընդդիմությունը պահանջում է հատուկ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, որն էլ կանցկացնի Աֆղան Մուխթարլիի առևանգման անկախ հետաքննությունը: Այս տեսակետին են հակված նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին մայիսի 29-ին անհետացել էր Թբիլիսիից, որտեղ բնակվում էր, ապա հաջորդ օրը հայտնվել Բաքվի բանտում՝ մինչ այժմ չպարզված հանգամանքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG