Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը դրական է գնահատում միջնորդների հայտարարությունը


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

Շփման գծում անցած գիշեր հարաբերական հանգիստ է եղել։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցած գիշեր հարաբերական հանգիստ է եղել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Կրակոցներ քիչ են եղել նաև հայ-ադրբեջանական սահմանին: Անցած հանգստյան օրերին, հիշեցնենք, Ղարաբաղում 4 հայ զինծառայող էր զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Նրանցից ժամկետային զինծառայող, 20-ամյա Յուրի Զաքարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն «Ազատության» ասաց, որ պայքարում են 20-ամյա զինծառայողի կյանքը փրկելու համար։

Սահմանային վերջին միջադեպերին երեկ հայտարարությամբ արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախօրեին Բաքվում էին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նրանք ափսոսանք են հայտնել հրադադարի ռեժիմի խախտումների համար և ասել, որ ամեն ինչ անելու են՝ լարվածությունը թուլացնելու համար։

Տարածաշրջանային այցի արդյունքով տարածած համատեղ հայտարարության մեջ միջնորդները «Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ», ընգծելով, որ «նույն ուղերձով դիմել են նաև Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը»:

Պաշտոնական Ստեփանակերտը համանախագահների հայտարարությունը դրական է գնահատում։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համանախագահները հերթականությունը պահել են՝ առաջինն Ադրբեջանին կոչ անելով չսրել իրավիճակը։

«Այդ հերթականությունը միգուցե հանդիսանում է, այսպես ասած՝ բանալի բառը կամ բանալի գաղափարը: Ինչպես Արցախում են ասում, թամամ խոսքը գիտեք՝ ում է ուղղված: Նշված է կոնկրետ: Միայն դրանից հետո է նշված, որ համապատասխան պատգամները կհղվեն նաև այլ կողմերի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ստեփանակերտում ԼՂ իշխանությունները համանախագահներին կոչ են արել իրենց հայտարարություններում անդրադառնալ նախորդ տարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին, կարևորել են հատկապես սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը: Բաբայանը կարծում է՝ այդ թեման Բաքվում քննարկվել է, պարզապես չի բարձրաձայնվում։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ 4 զինծառայողների սպանության համար իրենց պատասխանն «անհամարժեք» է լինելու։ Հարցին՝ արդյո՞ք եղել է պատասխան, Բաբայանն արձագանքեց՝ այն միշտ էլ լինում է։ «Անհամարժեք պատասխաններ լինում են, պարզապես պետք է հասկանանք նաև, որ ադրբեջանական կողմը միշտ թաքցնում է դա, որովհետև իրեն ձեռք չի տալիս»,- ասաց Բաբայանը:

ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ավելի խիստ գնահատական էին ակնկալում համանախագահներից, քանի որ «տարածաշրջանում անվտանգության սպառնալիքն Ադրբեջանից է գալիս»։ Միջնորդների երեկվա հայտարարությունն, այդուհանդերձ, նա դրական գնահատեց, շեշտելով՝ այն նույնպես կարելի է հասցեական համարել։

«Միշտ ասում էին՝ կողմերին կոչ ենք անում, հիմա կոնկրետ անգլերեն տեքստի մեջ գրված է՝ Ադրբեջանին կոչ ենք անում, նոր դրանից հետո՝ երկրորդ նախադասության մեջ գրում են՝ նույն ազդակները հղում ենք [կողմերին], այսինքն՝ Ադրբեջանին առանձնացնում են: Եթե գհնահատենք, սա նույն հասցեական գնահատականն է: Դիվանագիտական լեզվով ասած՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ այդտեղ ազդակն ուղղված է հենց Ադրբեջանին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հայտարարությունում համանախագահները Ղարաբաղի հարակից տարածքներն «օկուպացված» չեն անվանել, ինչը, նրա խոսքով, շատ կարևոր է․ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Մինսկի խմբի մեր հարգելի գործընկերները պետք է ավելի հետևողական լինեն, որպեսզի ճանապարհներ գտնեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միգուցե պարտադրելու, որ նրանք իրականացնեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG