Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Սիրիայում պատերազմի շեմին չեն. Շոն Սփայսեր


ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ
ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Սիրիայում պատերազմի շեմին չեն, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսերը։

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ պահպանել հաղորդակցության բաց ուղիները։

«Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հնարավորը կանի սեփական շահերը Սիրիայում պաշտպանելու համար», - ասել է Սփայսերը՝ շարունակելով. - «Վաշինգտոնն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Իրավիճակի սրումը պետք չէ ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Մոսկվային։ Իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ընդհանուր թշնամին է»։

Ամերիկյան օդուժի կողմից սիրիական բանակի Սու-22 կործանիչի ոչնչացումից հետո, երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Սիրիայում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը և օդուժը Եփրատից արևմուտք իր գործողության շրջաններում հայտնված արևմտյան կոալիցիայի ցանկացած օդանավ և անօդաչու թռչող սարք կդիտարկի որպես օրինական թիրախ։

«Սիրիական օդանավի ոչնչացումը հակասում է միջազգային նորմերին և այն կարելի է որակել որպես ռազմական ագրեսիա ՄԱԿ-ի անդամ պետության դեմ», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Մոսկվայում երեկ նաև հայտարարել են, որ ռուսական կողմը կասեցնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ Սիրիայում գործողությունների ժամանակ թռիչքների անվտանգության մասին հուշագրի շրջանակում։

Այդուամենայնիվ, երկու երկրները Սիրիայում ռազմական բախումների շեմին չեն․ համենայն դեպս, լրագրողի նման հարցին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG