Մատչելիության հղումներ

Դիվանագիտական տողատակում միջնորդները Ադրբեջանի հետ են տեսնում հրադադարի խախտման խնդիրները. Բադալյան


Ըստ քաղաքական մեկնաբանի, համանախագահները չեն կարող դուրս գալ դիվանագիտական այս տողատակերի և նրբանկատության շրջանակից։

Դիվանագիտական տողատակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի հետ են տեսնում հրադադարի խախտման խնդիրները, սակայն այս անգամ խուսափում են հստակ հասցեական հայտարարությունից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ արձագանքելով երեկ Բաքվում ԵԱՀԿ միջնորդների հայտարարությանը, որտեղ համանախագահները կողմերին հորդորում են «միջոցներ ձեռք առնել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում»:

«Նախորդի նման, իհարկե, չէր մատնանշվում, որ անմիջապես առաջինը կրակել է Ադրբեջանը, բայց տողատակում էլի կար, որ Ադրբեջանի հետ են տեսնում հրադադարի խախտման խնդիրները։ Ընդհանուր առմամբ, իհարկե, նրանք չեն կարող դուրս գալ դիվանագիտական այս տողատակերի և նրբանկատության շրջանակից, մի քանի պատճառներով, որովհետև, առաջին հերթին, այստեղ բավական բարդ է համադրել երեք միջուկային տերությունների ընդհանուր շահերը, մենք գիտենք, որ կան մեծ տարբերություններ։ Եվ այս առումով, նույնիսկ այս աստիճանի ակնարկներով` հասցեականության, էլի կարելի է որոշակիորեն ձեռքբերում համարել», - ասաց Բադալյանը։

Ադրբեջանում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում՝ իրենց այցի նախօրեին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում եղել են կորուստներ:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ երեք գերտերությունների խնդիրն այս պահին լայնամասշտաբ պատերազմը կանխելն է: Ըստ Բադալյանի, համանախագահները խրամատային, լոկալ ռազմական միջադեպերը կանխելու բավարար լծակներ և շահագրգռվածություն չունեն:

«Քաղաքական և դիվանագիտական դաշտում հայկական կողմում է խնդրի, այսպես ասած, լուծումը` այն իմաստով, որ պետք է ձևակերպի Հայաստանն իր իրավունքը, դուրս գա «Մադրիդյան սկզբունքներ» ասված ծուղակից, որն էլ, ի վերջո, բերել էր պատերազմական փակուղային վիճակի։ Ադրբեջանն այդ փակուղուց ելքը տեսնում է մարդասպան քաղաքականության մեջ, Հայաստանը պետք է դուրս բերի իրավիճակն այս փակուղուց՝ քաղաքական դիվանագիտական առումով: Այստեղ է, որ հայկական կողմի համար, եթե նույնիսկ տանուլ տալ չասենք, իրավիճակը ոչ-շահեկան է՝ քաղաքական հեռանկարի սկզբունքի իմաստով», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը՝ կրկին ընդգծելով. - «Հայկական կողմը պետք է դուրս գա էդ փակուղային տրամաբանությունից, որը բերում են «Մադրիդյան սկզբունքները»։ Համանախագահներն իրենք էլ ակնհայտորեն տեսնում են, որ էստեղ փակուղի կա, իրենք էլ ակնհայտորեն տեսնում են, որ պետք է դուրս գալ այստեղից և պետք է փոխել տրամաբանությունը, բայց նրանց նախաձեռնությամբ փոփոխությունը բավական բարդ պրոցես է, որովհետև, կրկնում եմ, երեք միջուկային տերություն՝ տարբեր ռազմավարական շահերով և պատկերացումներով էս տարածաշրջանում, նրանց համար չափազանց դժվար է իրենց նախաձեռնությամբ բերել սկզբունքային փոփոխության։ Ադրբեջանը չի ուզում դա փոխել, հայկական կողմը պետք է լինի շահագրգռված էս փոփոխության հարցում և հայկական կողմը պետք է քաղաքական տրամաբանության փոփոխության հասնի իր նախաձեռնությամբ, իր քաղաքական ձևակերպումներով և ռազմավարությամբ»։

Հիշեցնենք՝ Բաքու մեկնելուց մեկ շաբաթ առաջ համանախագահները այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Հուլիսի 3-ին ԵԱՀԿ միջնորդները կմեկնեն Վիեննա, որտեղ կատարած այցերի մասին կտեղեկացնեն Մինսկի խմբին: Նրանք մտադիր են առաջիկայում նորից հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և քննարկել առաջիկա աշխատանքներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG